08/05/2023 20:18
«Ազատագրումն իրատեսական եմ համարում, մենք այդ լուսավոր օրը կտեսնենք»․ Շուշիի քաղաքապետ
Արդեն երրորդ տարին է՝ Շուշիի ազատագրման օրը նշվում է առանց Բերդաքաղաք Շուշիի։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ անհասկանալի դավադրության արդյունքում Շուշին հայտնվեց ադրբեջանական հսկողության տակ։
Թեպետ այսօր Շուշին ժամանակավոր ադրբեջանական օկուպացիայի տակ է, սակայն արցախահայությունը չի մոռանում, որ մայիսին պետք է հիշի այն անձանց հիշատակը, որոնց շնորհիվ հայությունն ունի Եռատոն։
168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասել է, որ անկախ այն հանգամանքից, թե այսօր Շուշին ինչ կարգավիճակում է գտնվում, հայությունը պարտավոր է նշելու Շուշիի ազատագրման օրը, քաղաքն ազատագրելու համար զոհեր են եղել, նրանց հիշատակը պետք է հարգել։
«Բացի Շուշիի ազատագրման օրից, նաև մեր բանակի և Հայրենական պատերազմի հաղթանակի օրն է, որին մասնակցել են նաև մեր պապերը, հետևաբար՝ մենք ուղղակի պարտավոր ենք այս Եռատոնը նշելու։ Անկախ ամեն ինչից, Շուշին մնում է Շուշի, չպետք է մոռանանք, որ Շուշիի ազատագրմամբ հայ ազգն ուղղակի ցնծություն է ապրել»,- նշել է Արծվիկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ 30 տարի շարունակ հայ ազգը եղել է այդ ցնծության մեջ և այսօր այդ մասին չպետք է մոռացվի, պետք է միասնականություն, «սևի» ու «սպիտակի» վերացում։
«Մեր նպատակներին հասնելու համար ազգը պետք է մեկ բռունցք դառնա, այսպես արդեն չի լինի, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հինը վերականգնենք։ Իհարկե, Շուշիի ազատագրումն իրատեսական եմ համարում, գուցե 90-ականներին իրատեսական չէր համարվում, որ Քարվաճառը, Շուշին, Բերձորը ու մնացած մեր տարածքները կազատագրվեն, բայց իրատեսական դարձավ այնքանով, որ ՀՀ իշխանությունը կանգնած էր Արցախի թիկունքին։ Թեկուզ Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ-որ տեղ ընդդիմանում էր, բայց իշխանությունը կանգնած էր Արցախի թիկունքին։ Ցավալի է, որ այսօր այդպես չէ։ Բայց ոչինչ, օրը կգա, մենք այդ լուսավոր օրը կտեսնենք»,- նշել է Արծվիկ Սարգսյանը։
Այդ համատեքստում Շուշիի քաղաքապետն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Շուշիի ազատագրումն իրատեսական չէ, Փաշինյանի իշխանության օրոք ավելի շատ վատ բաներ է տեսնում, քան մինչև այժմ եղել է։
«Ոչ միայն նա, այլև իր թիմակիցներն ավելի շատ են Ադրբեջանի մասին խոսում, քան ադրբեջանցիները։ Այսօր Սասուն Միքայելյանին էի լսում, Վազգեն Սարգսյանի մասին էր խոսում, որ ինքը հաղթանակ է տարել, բայց այդ հաղթանակը պետք է պահվեր։
Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի խոսքին, թե Շուշին պետք է ազատագրվի, ես հիմա իրենց չեմ հավատում, նրանք ասում են՝ զուտ ասելու համար, չեմ կարող նրանց հավատալ, որովհետև վարագույրի հետևում այլ բան են կատարում։ Դրա համար այսօր մեր ազգին նորից ոգևորող ու ոտքի կանգնեցնող է պետք։ Մեր միջից պետք է հանենք արցախցի-հայաստանցի բաժանումը, Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը պետք է անսասան լինի։ Պիտի ձգտնենք հաղթանակի, թե չէ՝ թշնամին շատ է ոգևորվել, արդեն Երևանն է ուզում, առիթը կա, նա օգտագործում է, ինչը մենք ժամանակին չենք օգտագործել»,- եզրափակել է Արծվիկ Սարգսյանը։