08/05/2023 16:18
Գեղարքունիքից կամավոր ատեստավորման ենթարկված ուսուցիչների թվային ցուցանիշները գոհացուցիչ չեն. մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային ծավալուն խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ:
Մարզպետն անդրադարձել է ոլորտի հիմնահարցերին ու դրանց լուծմանը միտված առաջիկա անելիքներին՝ նշելով, որ գոհացուցիչ չեն դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մարզից աշակերտների մասնակցության և կամավոր ատեստավորման ենթարկված ուսուցիչների թվային ցուցանիշները. նա հորդորել է լինել խիստ հետևողական թե' դպրոցականների և թե' ուսուցիչների ակտիվ մասնակցության հարցում։
Վերջին դասի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների հետ կապված մարզպետը դպրոցների տնօրեններին դրամահավաքության դեպքերը բացառելու խիստ հանձնարարական է տվել, անդրադարձել դպրոցներում 2023 թվականի ավարտական քննությունների համար նախատեսաված միասնական քննական կենտրոններին, քննությունների նախապատրաստական և կազմակերպչական բնույթի աշխատանքներին՝ նշելով, որ դպրոցները մարզպետարանի համապատասխան վարչության հետ ունեցած համագործակցությամբ կարող են լուծում տալ ի հայտ եկող խնդիրներին։
Քննարկվել է ավարտական քննությունների ընթացքում քննական սենյակները տեսաձայնագրող սարքերով ապահովելու հարցը:
Խոսվել է նաև կարմրուկի դեմ պատվաստվելու, դպրոցներին կենտրոնական ջեռուցման համակարգով ապահովելու անհրաժեշտության, անվտանգության նկատառումներից ելնելով դպրոցական էքսկուրսիաների կազմակերպման ընթացքում հնամաշ տրանսպորտային միջոցների կիրառման բացառման մասին: