08/05/2023 15:11
Արցախում հայտնաբերվել է 169 միավոր ռազմամթերք
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը։
2023 թվականի մայիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1855 զանգ: Կանչերից 11-ը տեխնածին, 28-ը՝ կենցաղային բնույթի են:
Շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 7 դռան և 6 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 2 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:
Օձի հայտնաբերման վերաբերյալ 1 կանչ է գրանցվել: Սողունը հայտնվել է Ասկերան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակելի տներից մեկում: Փրկարարները հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք։
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Հրդեհի բոլոր դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ քաղաքում: Հրշեջներն իրականացրել են հրդեհաշիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ:
Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները կատարել են 4 ելք: Հետախուզական աշխատանքների արդյունքում հանրապետության տարածքից հայտնաբերվել է շուրջ 169 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: Սակրավորները արձագանքում են քաղաքացիների կողմից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի մասով բոլոր ահազանգերին, անհրաժեշտության դեպքում տեղում իրականացնում պայթեցման աշխատանքներ, որի մասին sms հաղորդագրությամբ իրազեկվում է քաղաքացիներին։
Կյանքի համար վտանգ հանդիսացող զինամթերքի հայտնաբերման մասով մեկ կանչ է գրանցվել մայիսի 6-ին: Շոշ համայնքի բնակիչը, գյուղի դպրոցի մոտ գտնվող իրեն պատկանող հողատարածքում հայտնաբերել է հրթիռակասետային և մեկ գնդիկաբեկորային ռումբ: Նույն օրը ռազմամթերքը տեղում վնասազերծվել է:
Շուրջօրյա ծառայության ընթացքում փրկարարներն օգնություն են ցուցաբերում բնակչությանը, արձագանքում քաղաքացիների բոլոր ահազանգերին: Դրան զուգահեռ, պարբերաբար անց են կացվում մասնագիտական և ֆիզիկական պատրաստության դասընթացներ` փրկարար ծառայողների մասնագիտական ունակությունների բարձրացման նպատակով։