08/05/2023 16:05
Բավականին ակտիվ շրջանառվում է միջանցքի թեման և Ադրբեջանը չի էլ փորձում թաքցնել, որ դրան հասնելու է ամեն գնով. Աբրահամյան
Փաստացի այսօր ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը Հայաստանի գլխին իջեցրել է մաքսիմալիստական օրակարգ, որը ենթադրում է ոչ միայն Արցախի հանձնումն Ադրբեջանին, այլև ՀՀ-ի նկատմամբ պահանջներ կան, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Առաջին հերթին՝ Ադրբեջանի օկուպացրած տարածքների լեգիտիմացմանը, կան նաև նոր տարածքային պահանջներ, որոնք չեն սահմանափակվում բացառապես այդ 8 գյուղերով։ Վերջին օրերին բավականին ակտիվ շրջանառվում է նաև միջանցքի թեման և Ադրբեջանն, ըստ էության, չի էլ փորձում թաքցնել, որ դրան հասնելու է ամեն գնով», - ասաց պատգամավորը։
Ադրբեջանի կողմից ներկայացվող բոլոր պահանջների աճը, ըստ պատգամավորի, ցույց է տալիս արտաքին քաղաքականության այն տապալումները, որոնք ունեցել է ՀՀ իշխանությունը։
«Առաջիկայում, ցավոք, մեզ սպասվում են նոր, ծանր իրադարձություններ և, ցավալիորեն պետք է արձանագրենք, որ Հայաստանի այս իշխանությունն իր քայլերով առավել բարենպաստ դաշտ է ձևավորում ադրբեջանական նոր ագրեսիայի համար», - նշեց Տիգրան Աբրահամյանը։