09/05/2023 17:44
Այս սրբազան վայրից ասում եմ՝ Նիկոլի հետ համագործակցությունը բացառվում է․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը արձագանքել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, թե «կգա ժամանակը, երբ մեր հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը, կերևա՝ ով է դավաճան, հստակ կիմանա՝ ովքեր են «5-րդ շարասյան» ներկայացուցիչները»։
«Գերագույն գլխավոր դավաճանը նստած է կառավարության շենքում, իսկ Արգիշտի Քյարամյանը դրա բոլոր փաստերն ու հիմքերն ունի։ Եթե դավաճան է փնտրում, ինքը լավ գիտի գլխավոր դավաճանի տեղը։ Եթե Քյարամյանն այդքան համարձակաություն ունի, թող գնա ու բացահայտի, բայց քանի նա դավաճանի կամակատարն է, պարզ է չէ, թե ինչ ընթացք է ունենալու այս ամենը»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև ընդգծել է՝ Քյարամյանի հիշատակած «5-րդ շարասյունը» Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատն են։
«Ամեն ինչ պարզ է, ամեն ինչ հստակ է։ Հայաստանի իշխանության ղեկին գտնվում է սրբություն չունեցող, անհայրենիք, թրքահպատակ մի խունտա, որը, հետևողականորեն ջարդելով մեր երկրի դիմադրողականությունը, շարունակելով թշնամու քաղաքականությունը, զիջում է ամեն ինչ։ Մնացածն՝ այս ընթացքում ում վրա ինչ փորձեն բարդել, ինչ հիմնավորումներով, քայլերով, երկրորդական է, պետք է հասկանալ՝ ինչպես ազատվել սրանցից»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորից լրագրողները հետաքրքրվել են նաև՝ Փաշինյանն ակնարկում էր ընդդիմադիր թևի հետ «կառուցողական շփման» մասին։
«Եթե իր գլխին մի բանով չես խփում, փաստորեն, դիտարկում է կառուցողականություն․ այս սրբազան վայրից ասում եմ՝ Նիկոլի հետ կառուցողական համագործակցությունը բացառվում է»,- արձագանքել է Իշխան Սաղաթելյանը։