09/05/2023 11:28
Ռուսաստանը շատ լրջորեն է վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում. Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանը շատ լրջորեն է վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«ՌԴ-ն գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը՝ խաղաղության, անվտանգության և զարգացման դարաշրջան ստեղծելու համար»,- նշեց նա:
Դեսպանի խոսքով՝ Մոսկվան աջակցում է այն ջանքերին, որոնք, իսկապես, նպաստում են Հարավային Կովկասում խաղաղության և հանգստության հաստատմանը։
«Մեր կարծիքով՝ այսօր այս ջանքերը պետք է նպաստեն եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք արձանագրված են մեր ղեկավարների հայտնի հայտարարություններում։ Սա Ռուսաստանի սկզբունքային և հայեցակարգային դիրքորոշումն է ու այդ հիմքի վրա է, որ աշխատանքներ են տարվում, ակտիվ ջանքեր են գործադրվում՝ գործընթացն առաջ մղելու համար», - ասաց Կոպիրկինը:
Նա նշեց, թե ռուսական կողմը մշտապես կապի մեջ է կողմերի հետ՝ ակտիվորեն առաջ տանելով խաղաղության օրակարգը, տրամադրելով միջնորդական ծառայություններ։