09/05/2023 20:06
Հայաստանում շատ ուշադիր և հոգատար են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը․ Ռուսաստանի դեսպան
Հայաստանում շատ ուշադիր և հոգատար են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը, դրա մասնակիցներին, և դա շատ կարևոր է, որովհետև, եթե մենք չարժևորենք մեր պատմական փորձը, մեզ համար շատ ավելի դժվար կլինի այսօր հաղթահարել երկրին բաժին ընկած փորձությունները, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագետի խոսքով` ֆաշիզմի դեմ պայքարում Հայաստանի ներդրումը ճանաչված է Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների և միջազգային հանրության կողմից: Նա հիշատակել է այն փաստը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուն պես՝ հանրապետության բնակչության 20%-ը` 300 հազար մարդ, մոբիլիզացվել է Կարմիր բանակ։ Բացի այդ, ևս 200 հազար հայ մոբիլիզացվել է այլ հանրապետություններում։ Եվս 100 հազար հայ կռվել է այլ ճակատներում` հակահիտլերյան կոալիցիայի կողմից։
Կոպիրկինը հիշեցրել է, որ Հայաստանը ԽՍՀՄ-ին տվել է 5 մարշալ, Խորհրդային Միության ավելի քան 100 հերոս։ Բոլոր խոշոր մարտերում հայ ժողովրդի ներկայացուցիչները շատ կարևոր և առանցքային դեր են խաղացել։ Դեսպանը հիշել է նաև հայերի նշանակալի ներդրումը Ստալինգրադի ճակատամարտում։ Ստալինգրադի պաշտպանության ժամանակ զոհվել է 30 հազար հայ։
«Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակը կանխորոշեց Թուրքիայի` պատերազմի մեջ չմտնելը, որն, իհարկե, առաջին հերթին Հայաստանի վրայով կանցներ»,-ընդգծել է ռուս դիվանագետը։
Նա վստահ է, որ մենք պետք է պահենք այդ հիշողությունը, քանի որ գալիս են նոր սերունդներ, որոնց համար պատմության մեջ ամեն ինչ չէ, որ կարող է ակնհայտ լինել։ Այս առումով աշխատանք պիտի տանեն պատմաբանները, քաղաքական գործիչները, լրագրողները, գրողները, այսինքն` բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ ազդում են մարդկանց մտքի և հանրային մթնոլորտի վրա։
«Շատ կարևոր է, որ Հայաստանում ակցիաներ են լինում. և՛ «Գեորգիևյան ժապավենը», և՛ «Հիշողության պարտեզը», և՛ «Անմահ գունդը», ծաղիկների և ծաղկեպսակների ավանդական խոնարհում Անմար կրակի, Մայր Հայաստան հուշահամալիրի առջև։ Սրանք այն քայլերն են, որոնք պետք է շարունակել կատարել, որպեսզի հիշողությունը մնա և այդ արժեհամակարգը տարածվի ու գրավի մատաղ սերնդի միտքը: Պետք է աշխատել բնակչության լայն շերտերի հետ, այն մարդկանց հետ, ովքեր ներգրավված չեն եսասիրական, աշխարհաքաղաքական, տնտեսական շահերի իրականացման մեջ, պատրաստ են ընկալել ազնիվ դիրքորոշումը և ովքեր իրենց գլխում երկակի օրակարգ չունեն»,-նշել է դեսպանը։
Նա կարծում է, որ բացի այդ, միջազգային ասպարեզում` միջազգային կազմակերպությունների շրջանակներում և երկկողմ շփումներում, պետք է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել, որոնք կարձանագրեն ճշմարտությունն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Խոսելով հատուկ ռազմական գործողության մասին, որը Ռուսաստանն իրականացնում է Ուկրաինայում` ռուս դիվանագետը տեսակետ է հայտնել, որ փիլիսոփայական և պատմական առումով սա այն պայքարի շարունակությունն է, որը Ռուսաստանը և Խորհրդային Միության ժողովուրդները, այդ թվում ուկրաինացիները, վարում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:
«Մեծ Հայրենականը գործնականում միացյալ Եվրոպայի պատերազմն էր Խորհրդային Միության դեմ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են դասեր քաղել, և այսօր մենք տեսնում ենք, որ այդ խիստ անհանգստացնող պահերը, որոնք առկա էին այդ դարաշրջանում, կրկին կյանքի նշաններ են ցույց տալիս: Դա, իհարկե, մտահոգիչ է»,- ասել է Ռուսաստանի դեսպանը։
Նախ, խոսքն ապրելու, ինքդ քեզ հարգելու, քո երկրի բնակչության ապրելու իրավունքի համար պայքարի մասին է։ Երկրորդը` նացիզմի գաղափարախոսության դեմ պայքարի մասին է, որը, չնայած Նյուրնբերգյան գործընթացին և մարդկության կրած տառապանքներին, կրկին վերածնվում է՝ նեոնացիզմի տեսքով։
Ընդ որում` Կոպիրկինը նշել է, որ վերարտադրվում է ոչ միայն նացիզմի գաղափարախոսությունը, այլև պրակտիկան։