09/05/2023 19:19
«Դավաճանը դավաճան է ծնում, հողատուն՝ հողատու, իսկ հերոսը ծնում է հերոս․ մենք պետք է հերոսներ ունենանք, ոչ թե դավաճաններ»․ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան
1992 թվականի մայիսի 9-ին հայկական կողմն ունեցել է փայլուն հաղթանակ և 1992 թվականից սկսած՝ տոնել են Եռատոն։ Եվ Արցախի Հանրապետության Սուրբ Հակոբավանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վստահ է՝ լինելու է նաև քառատոն:
168.am-ի հետ զրույցում Տեր Հովհաննեսն անդրադարձել է Շուշիի վերաազատագրման հնարավորություններին՝ ասելով.
«Այսօր չենք տոնում, բայց Եռատոնը հիշում ենք, որ եղել է Եռատոն ու հաղթանակ։ Եթե մենք համախմբվենք, ապա վստահաբար ասում եմ՝ հաջորդ տարի պետք է Քառատոն նշենք։ Շուշին առանց Արցախի ու Հայաստանի՝ Շուշի չէ, և Արցախն էլ, Հայաստանն էլ առանց Շուշիի՝ Արցախ չէ, Հայաստան չէ։ Ամբողջն իրար հետ ունենալու համար պետք է միասնական լինել։ Այսօր պառակտվել են, Արցախը տալիս են Ադրբեջանին, տարածքային պահանջներ այդ երկրից չունեն։ Այդպես կարող են միայն ազգի դավաճաններն ու թշնամիներն արտահայտվել։ Աստված այս ամենը մեզ տվել է, և մենք պարտավոր ենք Աստծո օրհնությունը մեր մեջ պահել»։
Ինչ վերաբերում է դեռ երկու տարի առաջ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե «Շուշին դժբախտ ու դժգույն» քաղաք էր, Տեր Հովհաննեսը նշել է՝ Նիկոլ Փաշինյանը նախապես իր բարեկամների հետ պայմանավորվել էր, որ Շուշին պետք է նրանց հանձնի, իսկ հանձնումից հետո էլ բարձրաձայնում էր։
«Ժողովուրդն այս ամենը լուրջ չընդունեց, որովհետև ասում էր, թե գիժ-գիժ խոսում է։ Չէ, գիժը մենք ենք, որ գիժ առաջնորդ ունենք։ Չկարողացանք 10 միլիոն հայից մի հայրենասեր, պետականամետ առաջնորդ ընտրել, որ կարողանա հայ ժողովրդին առաջնորդել։
Հայ ժողովուրդը դարեր ի վեր մեծ անուն է ձեռք բերել՝ իմաստուն, խոհեմ, քրիստոնյա, հզոր, ուժեղ, այսօր ի՞նչ է ձեռք բերել՝ մի Նիկոլիկ, որը չի կարողանում Հայաստանը ներկայացնել ամբողջ աշխարհով մեկ։ Այս պահին մենք ենք մեղավոր՝ դավաճանը, հողատուն, կապիտուլյանտը նույն պահին պետք է պատժվեր, որովհետև այսօր դավաճանը ծնում է դավաճանիկներ։ Սա է ցավը և սա է պատճառը, որ մենք այսօր այս օրին ենք»,- շեշտել է նա։
Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վստահ է՝ հայ ազգը ոտքի է կանգնելու, ապացուցելու է, որ հայ է, ուժեղ է, Աստծո ժողովուրդն է։
«Շուտով դա տեղի է ունենալու, բայց առաջին հերթին պիտի բոլորը պատժվեն․ դավաճանները՝ ՔՊ-ականներ են, չգիտեմ ինչեր են, դրանք բոլորը պիտի պատժվեն։ Մենք մեր մեջ չպետք է ունենանք դավաճան, դավաճանը դավաճան է ծնում, հողատուն՝ հողատու, իսկ հերոսը ծնում է հերոս, մենք պետք է հերոսներ ունենանք, ոչ թե դավաճաններ»,- եզրափակել է տեր Հովհաննեսը։