09/05/2023 18:00
Հոգևոր Հայաստանը մեր ձգտումն է, մեր ցանկությունը․ մաքրված իրականությամբ պետք է հասնենք այնտեղ․ Բագրատ Սրբազան
«Զուտ քաղաքական որոշում է», - Yerevan.Today-ի հետ զրույցում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան տարալուծելու՝ ԿԳՄՍ նախարարի որոշումը այսպես է գնահատել Տավուշի թեմի առաջնորդ, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Դիտարկմանը, որ նախարարի այդ որոշումը հակասում է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական սբ․ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 8-րդ կետին, Սրբազանը արձագանքել է՝ ձեռնպահ կմնա իրավական գնահատական տալ, սակայն համոզված է, որ որոշումը քաղաքական է։
Հիշեցնենք , որ հիշյալ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները»։
Բագրատ Սրբազանից լրատվամիջոցը հետաքրքրվել է նաև հոգևոր ու նոր Հայաստանի միջև զուգահեռներ անցկացելու և պարբերաբար իր կողմից հնչող պատգամի մասին, ըստ որի՝ հոգին պետք է հաղթի «դուխ»-ին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին, եռագույնը՝ սև ու սպիտակին։ Հարցին՝ արդյոք ունե՞նք այն համազգային ներուժը, որի շնորհիվ ասվածը հնարավոր կլինի, Սրբազան Հայրը պատասխանել է․ «Մեկը մեր տեսիլքն է, ձգտումն ու երազները, մյուսը՝ մեր իրականությունը․ հոգևոր Հայաստանը մեր տեսիլքն է, մեր ձգտումը, մեր ցանկությունը, և մաքրված իրականությամբ պետք է հասնենք այնտեղ։ Նոր Հայաստանը, երբ ասում եմ, այսօրվա իրականությունն է, որի մեջ մենք բոլորս ապրում ենք․ ուրեմն մեզ պետք է այդ տեսիլքն իրագործել բոլոր շերտերով․ դա կլինի քիչը կամ շատը, բացարձակ նշանակություն չունի, այնպես, ինչպես մոխրի մեջ կրակն է, այդպես պետք է մնա, որ, ի վերջո, վերածվի մեծ լուսավորության»։
Հարցին՝ իշխանության կողմից հրամցվող կեղծ խաղաղության թեզերի պայմաններում հնարավոր կլինի՞ ունենալ այն Հայաստանը, որի մասին երազում ենք, Բագրատ Սրբազանը պատասխանել է․ «Հնարավորությունն այն է, որ պետք է խոսենք իրագործումների մասին և ոչ թե չիրագործվածների, խոսենք վստահելու , ոչ թե՝ չվստահելու մասին, պետք է խոսենք նվիրյալների մասին, ոչ թե՝ անտարբերների ․․․ Բոլոր նրանք, որոնք հայրենիք ունեն, պետք է սնվեն այն գաղափարներով, որոնք միտված են մեր տեսիլքի իրականացմանը․ դա անվտանգ, հզոր հայրենիք ունենալն է՝ Արցախով, բանակով, Եկեղեցիով, կրթված ու գիտակից սերնդով»։