09/05/2023 17:01
«Պետք է կարողանանք գտնել այն ուժի աղբյուրը, որի հիմքի վրա կերտենք ապագա հաղթանակները»․ Ստեփանակերտում տեղի է ունեցել խաչերթ
Մայիսի 9-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Մեծ Հայրենականում, Արցախյան ազատամարտում, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այնուհետև մեկնարկել է խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
ՀԱՍԵ Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը կարևորել է անցյալի վերարժևորումը, պարտությունից դասեր քաղելն ու հաղթանակներից ուժ ստանալը:
«Խաչերթն ուխտագնացություն էր նահատակների շիրիմներին, որպեսզի ցույց տանք, որ նրանք ապրում են մեր սրտերում: Երբ դպրոցականները տանում էին Նրանց լուսանկարները, կարելի է ասել, որ խորհրդանշական կերպով հերոսներն էին քայլում և զգում էինք նրանց ներկայությունը։ Այսօրվա Եռատոնը մեզ գալիս է ցույց տալու, որ մենք ի վիճակի ենք նաև հաղթելու։ Շուշիի ազատագրման հաղթանակը և Պաշտպանության բանակի կազմավորումը ևս մեր հաղթանակն է: Մերն է նաև այս պարտությունը, ուստի միասին պետք է կարողանանք գտնել այն ուժի աղբյուրը, որի հիմքի վրա պետք է կերտենք ապագա հաղթանակները, իսկ այդ աղբյուրը կայանում է այս տղաների հավատարիմ մնալու մեջ։ Նրանք իրենց արյամբ ևս մեկ անգամ սրբացրեցին Արցախը և մեզ համար պարտականություն դրեցին՝ երբեք չհրաժարվելու Արցախից։ Նահատակների արյունը գծում է ապրողների կյանքի ճանապարհը։ Եթե մենք Աստծո կամքով ծնվել ենք Արցախում և կրում ենք արցախցու բարձր կոչումը, ուրեմն ամեն մեկս ունենք առաքելություն՝ մեր կյանքն ապրելու Արցախի համար»,-ասել է քահանան: