09/05/2023 11:40
Ռուս խաղաղապահները լուծում են իրենց առջև դրված խնդիրները՝ նպաստելու Լաչինի միջանցքի բացմանը. ՌԴ դեսպան
Ռուսական խաղաղապահ զորախումբն աշխատում է Լեռնային Ղարաբաղում, ջանքեր է գործադրում և լուծում իր առջև դրված առաջադրանքները, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նա վստահեցրեց՝ խաղաղապահները, չնայած խնդիրներին, օգնում են կարգավորել իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։
Դիվանագետն ընդգծեց, որ ռուսական կողմը ջանք չի խնայում՝ խթան հաղորդելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին տարբեր ձևաչափերում՝ այդ թվում և տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի շրջանակում, խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ տարվող աշխատանքներում։
«ՌԴ-ն բազմիցս ասել է և կրկնում է հաստատակամորեն, որ մենք պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս հարցում։ Մենք նաև հանդես ենք գալիս հասարակությունների միջև երկխոսության ակտիվացման օգտին։ Աշխատանքը մշտապես տեղի է ունենում, մենք կողմերի հետ մշտական շփման մեջ ենք և հուսով ենք, որ այդ ջանքերը կտան արդյունքներ», - նշեց Կոպիրկինը: