09/05/2023 18:50
«Հաղթանակել ենք, որովհետև միասնական ենք եղել․ Այսօր էլ միասնության ու բռունցքվելու կարիք կա»․ Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման հանրահավաքը
Մայիսի 9-ին, «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այն մեկնարկել է Տերունական աղոթքով և լռության րոպեով՝ ի հիշատակ Մեծ Հայրենականում և Արցախյան պատերազմներում նահատակվածների:
Հանրահավաքում «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամները վերահաստատել են իրենց պահանջներն՝ ուղղված համանախագահ երկրների ղեկավարներին ու ՀՀ վարչապետին:
«Արցախի Հանրապետության քաղաքացիները նրանց ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության դրույթների կոպտագույն խախտումների վրա: Ադրբեջանն իր գործողություններով իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն, Արցախի ժողովրդին իր հայրենիքից զրկելու ցեղասպանական գործողություններ՝ շրջափակման մեջ պահելով 120 000 բնակչությանը: Մենք պահանջում ենք կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը»,- նշված է հայտարարության մեջ:
Ազատամարտիկ Կարմեն Ավետիսյանը, շնորհավորելով Եռատոնի առթիվ, նշել է, որ Արցախյան առաջին պատերազմում իրենց սերունդը կատարել է այն, ինչը շատերին անհնարին էր թվում:
«Հաղթանակել ենք, որովհետև միասնական ենք եղել: Այսօր էլ միասնության ու բռունցքվելու կարիք կա»,- ընդգծել է ազատամարտիկը:
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր խոսքում փաստել է, որ չնայած ամիսներ շարունակվող շրջափակմանը, արցախցին չի ընկճվում և լի է պայքարը շարունակելու վճռականությամբ:
«Ապրիլի 23-ին Ադրբեջանը խախտեց կարմիր գծերը՝ դնելով ստուգման անցակետ: Այդ կարմիր գծերի խախտումը, որպես արժանապատիվ մարդ, ստիպում է պայքարել, որովհետև ուրիշ տարբերակ չկա: Ոչ ոք չպիտի սահմանափակի մեր ազատ մուտքն ու ելքը դեպի Հայաստան: Մենք 149 օր շրջափակման մեջ ենք, չունենք գազ, լույս, գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը, բայց չենք ընկճվում: Այո, ծանր է վիճակը, բայց գիտենք մի բան՝ ոչ մի «ռեինտեգրացիայի» մասին խոսք չի կարող լինել: Մենք պաշտպանում ենք մեր տունը, քաղաքներն ու գյուղերը, գերեզմանները, մեր հողի վրա ապրելու իրավունքը: Մենք չենք ուզում ոչ մեկի վրա հարձակվել, ուզում ենք հանգիստ, երջանիկ ապրել մեր հայրենիքում: Պատրաստ ենք բանակցությունների, բայց դրանք չեն կարող լինել ատրճանակը գլխին դրած, այլ երկկողմանի հարգանքի պարագայում միայն»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:
Հանրահավաքին ներկա էին նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: