09/05/2023 21:37
Պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ տեղի կունենա
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-ին մեկնարկում է Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը, որն այս տարի կանցկացվի 10-րդ անգամ: Պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատեսին հնարավորություն են ստացել մասնակցելու 15 հայազգի պատանի կոմպոզիտոր. Կրտսեր խմբում հանդես կգան Գագիկ Ավետիսյանը, Վիլյամ Չիլինգարյանը, Արտաշես Մոսինյանը, Հայկ Ջուլհակյանը, Արմեն Շահվերդյանը, Շավարշ Սիրեկանյանը, իսկ Ավագ խմբում՝ Սյուզաննա Աղամալյանը, Արաքս Ասճյանը, Արման Աֆրիկյանը, Արսեն Գարսոյանը, Ալեքս Գևորգյանը, Էրիկա Մարկոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Էդգար Մխիթարյանը, Վիկտորիա Ուլիխանյանը:
Առաջին փուլը (մայիսի 10, ժ. 17:00, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահ) կկայանա Երևանում, իսկ երկրորդ փուլը (մայիսի 12, ժ. 17:00, Լ. Վ. Բեթհովենի անվան համերգասրահ) և Գալա համերգը (մայիսի 13, ժ. 18:00, Լ. Վ. Բեթհովենի անվան համերգասրահ)՝ Դիլիջանում:
Պատանի կոմպոզիտորները հանգրվանելու են Էդվարդ Միրզոյանի անունը կրող Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը։ Գալա համերգն իր տեսակով տարբերվող կլինի: Բացի մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցներից, ելույթ կունենան նաև Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, Միրզոյանական առաջին մրցույթի հաղթող Ալեքսանդր Հարությունյանը, ինչպես նաև Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը: Մուտքն ազատ է: