09/05/2023 13:08
Մեր պարտության հիմնական պատճառն այն էր, որ բանակցային գործընթացը տապալվեց և ոչինչ չարվեց պետությունը ռազմական ռելսերի վրա դնելու համար. Օհանյան
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իշխանության այն հայտարարություններին, թե պատերազմում տարածքներ կորցնելը նաև պայմանավորված է եղել նրանով, որ որոշ տարածքներ բնակեցված չեն եղել:
«Հայ ժողովրդի պատմության նորագույն ժամանակահատվածում մենք ձեռք ենք բերել անկախություն և պատերազմում հաղթանակ ենք տարել, Հայաստանն ու Արցախը կուռ ինտեգրված, տարբեր ոլորտներում միասնական զարգացումն ապահովել են: Իհարկե, բազմաթիվ թերություններ են եղել, բայց դա չի նշանակում, որ չենք պայքարել անկախության համար, ամեն ինչ չի արվել, որպեսզի բանակցային գործընթացն առաջ մղվի: Պարտության հիմնական պատճառն այն է եղել, որ բանակցային գործընթացը տապալվեց, երկիրը մտավ պատերազմի մեջ և այդ ժամանակ ոչինչ չարվեց պետությունը ռազմական ռելսերի վրա դնելու, բանակին աջակից լինելու, բանակի թիկունքը պահելու, այն համալրելու համար, նաև պատերազմը կանգնեցնելուց հետո ՀՀ տարածքային անվտանգությունը ապահովելու համար:
Եթե դրա մասին խոսում են այսօրվա իշխանությունները, ապա հիմնական պատասխանատուներն իրենք են», - նշեց նա:
Անդրադառնալով օտարերկրյա գործակալներին՝ Օհանյանը նշեց, որ խելացի պետության մեջ, եթե լինում են այլ երկրների գործակալներ, ոչ թե միանգամից հայտնում են այդ գործակալների մասին, այլ փորձում են այդ գործակալների հետ աշխատել եւ այդ ամենն ուղղել հակառակ կողմի վրա: