09/05/2023 13:25
Այո՛, ծանր է մեր վիճակը, բայց մենք դիմանում ենք. Ռուբեն Վարդանյան
Ստեփանակերտում մեկնարկել է հանրահավաքը, որը նախաձեռնել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանրահավաքին հայտարարեց, որ էլի հաղթանակներ ենք տոնելու:
«Շատ շնորհակալ եմ, որ այս կազմակերպիչ երիտասարդներն ինձ հրավիրեցին ելույթ ունենալու իրենց հետ: Սա այսօրվա Արցախի ամենակարևոր օրերից է: Ես վստահ եմ, որ միայն դուք՝ երիտասարդներդ, կարող եք կերտել արժանապատիվ ապագա ձեր և ամբողջ Արցախի համար: Ես վստահ եմ՝ մենք լինելու ենք արժանապատիվ հայ, արժանապատիվ արցախցի և մենք պահելու ենք այդ արժանապատվությունը, չնայած բոլոր դժվարություններին: Մենք քննարկման ժամանակ նշել ենք բոլոր կարմիր գծերը, որոնք անընդունելի են արցախցիների համար: Դրանք 6-ն են: Ապրելի 23-ին Ադրբեջանը խախտեց այդ կարմիր գծերը», - նշեց նա:
Ռուբեն Վարդանյանն ավելացրեց, որ միակ տարբերակը մնացել է պայքարը.«Ոչ ոք իրավունք չունի սահմանափակելու մեր ազատ մուտքն ու ելքը դեպի Հայաստան: 149 օր մենք շրջափակման մեջ ենք, մենք չունենք գազ, լույս, դուք գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը, մենք մեծ քանակի խնդիրներ ունենք, սակայն մենք դիմանում ենք: Այո՛, ծանր է մեր վիճակը, բայց մենք դիմանում ենք: Պետք է ասել ոչ օկուպացիային: Մենք պաշտպանում ենք մեր տունը, մեր քաղաքներն ու գյուղերը, գերեզմանները, մեր իրավունքը՝ ապրելու մեր հողերի վրա: Մենք ոչ ոքի վրա չենք ուզում հարձակվել, պարզապես ուզում ենք հանգիստ ապրել մեր հողի վրա: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց դրանք չպետք է լինեն Ադրբեջանի քմահաճույքով»: