10/05/2023 11:34
Նարատիվը, որ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար ինչ-որ ապոկալիպտիկ հետևանքներ է ունենալու, պարզապես ծիծաղելի է. Գևորգ Պապոյան
Անկարայում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում տնտեսական հարցերը մղվել են երկրորդ պլան, քննարկվել են քաղաքական հարցեր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԾՏՀ ԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը։
Պապոյանն անդրադարձավ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը։
«Եթե Հայաստանին ձեռք չտա հայ-թուրքական սահմանի բացումը ու դա ձեռք տա միայն Թուրքիային, Թուրքիան կբացի այդ սահմանը 5 վայրկյանում, որովհետև Հայաստանը չի փակել հայ-թուրքական սահմանը, Հայաստանը սահմանը միշտ բաց է պահել, սահմանը փակել է Թուրքիան, որովհետև դրանով Հայաստանին տնտեսապես ճնշում է ու դրա մասին իրենք երբեք չեն թաքցրել ու դրանով իրենք աջակցում են Ադրբեջանին», - ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ այն նարատիվը, որ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար ինչ-որ ապոկալիպտիկ հետևանքներ է ունենալու, պարզապես ծիծաղելի է։
ՔՊ-ական պատգամավորի գնահատմամբ՝ հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է Հայաստանի համար տնտեսական զարգացում, աշխատատեղերի ստեղծում, հարկերի ավելացում, մարդկանց սոցիալակա վիճակի էական բարելավում։
«Բնականաբար, Թուրքիան, որպեզի ղարաբաղյան հարցում աջակցի Ադրբեջանին, հայ-թուրքական սահմանը երկար տարիներ փակ է պահել ու այսօր էլ, եթե Թուրքիան իմանար, որ սահմանի բացումը Հայաստանի համար վնաս է լինելու, կբացեր։ Սա ջախջախում է այն թեզը, որ հայկական քաղաքական դաշտում «վայ քաղաքագետներ» ու «վայ տնտեսագետներ» անընդհատ առաջ են տարել», - ընդգծեց Պապոյանը։
Նա կարծում է, որ առանց նախապայամանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի օրակարգային հարցն է ու դրանից չեն շեղվում։