10/05/2023 12:51
Շնայդերի պապիլոմա. Չհեռացնելու դեպքում ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ
Նաիրի ԲԿ-ից տեղեկացնում են, որ օրեր առաջ իրենց է դիմել 69 տարեկան բուժառու` գանգատվելով քթային դժվարաշնչությունից, հոտառության նվազեցումից, քթային արյունահոսությունից, ցավերից։
Նաիրի բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Լևոն Թորոսյանի կողմից կատարված հետազոտությունների արդյունքում, պացիենտի մոտ ախտորոշվել է հազվադեպ հանդիպող խնդիր` քթի խոռոչի սինոնազալ շրջված պապիլոմա (Շնայդերի պապիլոմա)։
Շնայդերի պապիլոման քթի խոռոչի բարորակ նորագոյացություն է, և պապիլոմայի այս տեսակն ունի ռեցիդիվի և չարորակացման բարձր հակում։
Առաջացման պատճառները բազմազան են՝ մարդու պապիլոմավիրուսի առկայությունից մինչև քրոնիկ թարախային ռինոսինուսիտներ։ Ընդ որում, խնդիրը բարդանում է նրանով, որ պապիլոման կարող է երկար ժամանակ չանհանգստացնել և հետո միայն գլուխ բարձրացնել՝ բարդացնելով բուժման ընթացքը։
Շնայդերի պապիլոմայի տեղակայումը ևս տարբեր է։ Այս տեսակը հազվադեպ է հանդիպում, սակայն անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելու դեպքում, կարող է սպառնալ նաև մարդու կյանքին։
Այս պացիենտի պարագայում նորագոյացությունը տեղակայված էր քթի ձախ կեսում և տարածվում էր դեպի էթմոիդալ խորշիկներ ու հայմորյան խոռոչ, ուներ բավականին մեծ չափսեր։
Նման նորագոյացությունը վտանգավոր են նաև նրանով, որ կարող են տարածվել դեպի քթի հարակից խոռոչներ, ակնակապիճ՝ քայքայելով շրջակա հյուսվածքները։
Այսպիսի բարդություններից խուսափելու համար անհրաժեշտո է շտապ կատարել վիրահատական միջամտություն` գոյացությունը ամբողջությամբ հեռացնելու նպատակով։
Այսպիսով, Նաիրի բժշկական կենտրոնում, ժամանակակից սարքավորումներով և Լևոն Թորոսյանի գլխավորությամբ իրականացվեց հազվադեպ հանդիպող գոյացության հեռացում: Նման գոյացությունների հեռացումը պահանջում է մեծ փորձ ու մասնագիտական լուրջ հմտություններ՝ պապիլոմայի այս տեսակի, տեղակայման և չափսերի հետ պրոֆեսիոնալ աշխատելու համար։
Պացիենտի շնչառությունը վերականգնելուց և բոլոր ռիսկերը կանխարգելելուց հետո անհրաժեշտ է, որ որոշ ժամանակ հիվանդը գտնվի բժշկի մշտական ամբուլատոր հսկողության տակ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։