10/05/2023 17:53
Շրջափակված Արցախում մոտ 900 տնտեսվարող սուբյեկտ կասեցրել է գործունեությունը, մյուսները գործում են մասնակի․ տնտեսությանը հասցված վնասը 285 միլիոն դոլար է
Շրջափակման պայմաններում խորանում են Արցախի տնտեսությանը հասցվող վնասները, ավելանում են խնդիրները։ Ըստ օպերատիվ շտաբի հրապարակած տեղեկագրի՝ Արցախում 860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,300 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 285 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 32 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: