10/05/2023 16:29
Մարդասիրական տեղափոխությունների հարցում կա ընդմիջում. ԿԽՄԿ-ն շարունակում է երկխոսությունը պատկան մարմինների հետ. Զառա Ամատունի
Ադրբեջանի իշխանությունը Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո արգելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ Կոմիտեն այս օրերին շարունակում է երկխոսությունը ներգրավված կողմերի պատկան մարմինների հետ՝ պայմանավորված որոշ ընթացակարգերի մանրամասներով. «Այս պահի դրությամբ մարդասիրական տեղափոխությունների հարցում կա ընդմիջում: Այդ գործընթացում հստակեցում ստանալուն պես մենք կվերսկսենք գործողությունները»։
Հարցին, թե այս պահին քանի՞ մարդու է անհրաժեշտ անհապաղ տեղափոխել Հայաստան՝ Ամատունին պատասխանեց, որ այդ մասին տեղեկություն չունի. «Սակայն, կարող եմ ասել, որ կապի մեջ ենք մնում տեղական կառույցների հետ, քանի որ թե՛ բուժառուների, թե՛ կարիքավորների մասով տեղեկությունները փոխանցվում են նրանց կողմից»:
Ամատունին նաև ավելացրեց, որ վերջին տեղափոխումը իրականացրել են ապրիլի 29-ին՝ Երևան տեղափոխելով 16 բուժառուի: