10/05/2023 20:11
«Շեշտվել է ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխգործակցության խորացման կարևորությունը»․ Միրզոյանը Նորվեգիայի դեսպանի հետ է հանդիպել
Մայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում (նստավայրը՝ Թբիլիսի) Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդերսենին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում սկզբունքային հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: Արարատ Միրզոյանը նշել է հայկական կողմի կառուցողական ներգրավվածության մասին և առաջընթացի ապահովման հարցում ընդգծել Ադրբեջանի կողմից առավելապաշտական ձգտումներից, ՀՀ ու ԼՂ նկատմամբ ուժի կիրառման քաղաքականությունից հրաժարվելու, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու կարևորությունը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Նորվեգիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով քաղաքական երկխոսության դրական դինամիկան: Շեշտվել է ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված փոխգործակցության հետագա խորացման և տնտեսական համագործակցության ընդլայնման հարցում առկա ներուժի օգտագործման կարևորությունը:
Իր խոսքում ԱԳ նախարարը նշել է, որ բարձր է գնատահում դեսպանի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և մաղթել հաջողություն հետագա դիվանագիտական աշխատանքում»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17