10/05/2023 14:37
Եթե այսօր ռուսները դուրս գան, ապա վաղն Արցախում հայ չի լինի. Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ բանակցություններում հաջողության հասնելու համար բանակցողը պետք է պաշտպանի իր երկրի շահերը։
«Մենք լուրջ կասկածներ ու հիմնավորումներ ունենք, որ իրենք հայ ժողովրդի շահերը չեն պաշտպանում։ Ձեռքերը լվանալ Արցախից, Ադրբեջանի յուրիսդիկցիան Արցախի վրա ճանաչելը հակազգային քայլ է: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ կա կուրսի փոփոխություն, այլապես գոնե շնորհքի համար մի քանի հանդիպում Մոսկվայում կանեին: Հիշեք՝ Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ ի՞նչ բանակցություններ, երբ Լաչինի միջանցքը փակ է, միջանցքը 150 օր փակ է, իրենք տարբեր տեղերում բանակցել են: Տրամաբանական կլիներ, որ եթե խոսվում է Արցախի անվտանգության մասին, պետք է խոսվեր այն ուժերի հետ, որոնք պատասխանատվություն են ստանձնել ապահովելու Արցախի և Քաշաթաղի միջանցքի անվտանգությունը: Եթե Հայաստանը մտահոգություն ունի, որ եռակողմ հայտարարության դրույթները չեն կատարվում, պետք է երեքով նստեն ու խոսեն, բայց Հայաստանը դա չի անում: Իսկ ինչ կարող ենք ակնկալել արևմտյան հարթակներում բանակցություններից, ես շատ հոռետես եմ, բանակցությունները կատարելապես ձախողվեցին Վաշինգտոնում:
Ձախողվեցին, որովհետև ինչքան այս իշխանությունը զիջումներից է խոսում, Ադրբեջանն ավելի է լկտիանում: Հավանաբար, այնպիսի լկտի պահանջներ է ներկայացրել, որ այս իշխանությունները հասկացել են, որ չեն կարողանա կլանել ու հասարակությանը դրանք ներկայացնել որպես դիվանագիտական հաջողություն», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Դիտարկմանը, թե ռուսների թողտվությամբ այսօր Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետ է դրվել՝ Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Իսկ եթե Արցախում հիմա ռուսներ չլինեն, ի՞նչ կլինի վաղը Արցախում և ի՞նչ կլիներ նոյեմբերի 10-ին Արցախում, եթե նոյեմբերի 9-ին ռուսներն այնտեղ չմտնեին»:
Հարցին՝ մենք ընտրել ենք «դանդաղ մա՞հը»՝ նա պատասխանեց. «Մենք որևէ մահ չենք ընտրել, մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, բայց ակնհայտ է, որ եթե նոյեմբերի 9-ին այնտեղ ռուսներ չլինեին, նոյեմբերի 10-ին այնտեղ կլինեին թուրքեր: Ակնհայտ է, որ եթե այսօր ռուսները այնտեղից դուրս գան, ապա վաղը Արցախում հայ չի լինի»:
Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Բրյուսելում կայանալիք հայ-ադրբեջանական հանդիպումից ոչ մի ակնկալիք չունի, քանի որ «այս իշխանությունը բանակցություններում հայ ազգի շահը չի պաշտպանում»:
Ըստ նրա՝ ՀՀ իշխանություններն են ձգձգում Ռուսաստանում բանակցությունները. «Վեկտորի փոփոխություն է, ակնհայտ է»: