10/05/2023 10:01
«Ժողովուրդ». Հովհաննես Շահինյանի քրեական վարույթով անցնում է նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի քրեական վարույթով անցնում է նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Մեզ հայտնի դարձավ, որ նրա դեմ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳՎ վարչությունում հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Ինչպես Հովհաննես Շահինյանն էր հայտնել, ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ այցելել են իր ծնողների բնակարան, որպեսզի, քննիչի որոշման համաձայն, ձերբակալեն Շահինյանին, թեև վերջինս արդեն տևական ժամանակ է՝ բացակայում է երկրից: Նշենք, որ Հովհաննես Շահինյանին ձերբակալելու որոշում է կայացվել նրան հետագայում կալանավորման տանելու նպատակով, բայց կալանքի միջնորդությունը դատարանը մերժել է:
Մեղադրանքը փողերի լվացման հոդվածով է, ձերբակալության նպատակն ազատության մեջ գտնվող մեղադրյալին կալանավորման ներկայացնելն է, որը Հակակոռուպցիոն դատարանի կողմից մերժվել է, կալանավորման որոշում չի կայացվել»։