10/05/2023 09:36
«Ժողովուրդ». «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը հաջորդ ամսվանից այլևս լույս չի տեսնի. օրաթերթի ֆինանսավորումը դադարեցնելու որոշում կայացվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից հրատարակվող «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը հաջորդ ամսվանից այլևս դադարելու է լույս տեսնել, քանի որ դադարեցվել է օրաթերթի ֆինանսավորումը, և կրճատվել է նաև աշխատակիցների թիվը: Մեր տեղեկություններով՝ օրաթերթի ֆինանսավորումը դադարեցնելու որոշում կայացվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից:
Ո՞րն է ֆինանսավորումը դադարեցնելու պատճառը. մեր աղբյուրներից տեղեկացանք, որ օրաթերթի աշխատակազմը դեմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, վերջինս էլ որոշել է դադարեցնել ֆինանսավորումը, որպեսզի այն այլևս լույս չտեսնի:
«Ժողովուրդ» օրաթերթին «Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը հայտնեց. ««Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետիրոջ լիազոր ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշմամբ՝ 2023թ. հունիսի 1-ից կդադարեցվի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի և «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի տպագրությունը։
Որոշումը պայմանավորված է թերթերի՝ 2022թ. ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկով և ծախսարդյունավետության նվազ մակարդակով։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը և «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթը 2017 թվականից գործում են ««Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» ՓԲԸ կազմում, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը»։
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետություն»-ը Հայաստանում լույս տեսնող պաշտոնական թերթ է, որը հրապարակվում է դեռևս 1990թ.-ից»։