10/05/2023 11:21
Ո՞ւմ ենթակայության տակ է գտնվում «Հաղթանակ» զբոսայգում իրականացված վանդալիզմի հատվածը. պաշտպանության նախարարությա՞ն, թե՞ զբոսայգու
Երեկ անհայտ անձինք «Հաղթանակ» զբոսայգում պոկել են Հայրենական պատերազմում զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակները: Տեսանյութը արագ տարածվեց համացանցում:
«Հաղթանակ» զբոսայգու փոխտնօրեն Գոռ Սարգսյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ հատվածն իրենց վերահսկողության տակ չէ. «Մենք վերահսկում ենք միայն ատրակցիոնների մասը: Իսկ այդ մասը ՊՆ-ի վերահսկողության տակ է»:
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն էլ հակառակ պնդումն արեց. «Այնտեղ միայն «Մայր Հայաստան» պատմության թանգարանն է, որ պատկանում է պաշտպանության նախարարությանը: Թանգարանից դուրս հարակից տարածքը ՊՆ-ի ենթակայության տակ չէ»:
Իսկ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն Aysor.am-ին տեղեկացրեց, որ այդ մասով ոստիկանությունում ահազանգ, հաղորդում չի ստացվել: