11/05/2023 14:35
Ի՞նչ է գեստացիոն դիաբետը. Շաքարի մակարդակի տատանումները կարող են բարդացնել ծննդաբերությունը
Գեստացիոն դիաբետը արյան շաքարի բարձրացնումն է այն հղի կանանց մոտ, ովքեր անցյալում նման ախտանիշ կամ դիաբետ չեն ունեցել:
Երբ հղիների մոտ գեստացիոն դիաբետը ժամանակին ախտորոշվում և բավարար հսկվում է, սովորաբար որևէ հետևանք չի թողնում ոչ ծննդաբերության ընթացքի, ոչ էլ կնոջ կամ երեխայի երկարաժամկետ առողջության վրա: Սակայն, հղիության ժամանակ արյան շաքարի ոչ պատշաճ հսկողությունը կամ դրա մակարդակի մշտական տատանումները կարող են բարդացնել ծննդաբերությունը, ինչպես նաև բացասաբար ազդել ինչպես մոր, այնպես էլ երեխայի առողջության վրա:
Հղիության դիաբետը ախտորոշվում է, երբ հղի կնոջ մոտ հայտնաբերվում են արյան գլյուկոզի նորմալ միջակայքը գերազանցող ցուցանիշներ՝ հիպերգլիկեմիա:
Վիճակագրության համաձայն, հղի կանանց 12-14 տոկոսի մոտ հղիության 24-28-րդ շաբաթներում կամ ավելի վաղ կարող է գրանցվել հիպերգլիկեմիա:
Գեստացիոն դիաբետի ռիսկի գործոններն են՝
25-ից բարձր տարիք,
ընտանեկան պատմություն՝ ժառանգական գործոն, երբ ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ կա 2-րդ տիպի շաքարային դիաբետ,
հիվանդության պատմություն, երբ նախորդ հղիությունների ժամանակ զարգացել է գեստացիոն դիաբետ կամ նախորդ ծննդաբերությամբ լույս աշխարհ է եկել 4 կիլոգրամից ավելի մեծ քաշով երեխա,
արտահայտված ավելորդ քաշ կամ գիրություն (երբ մարմնի զանգվածի գործակիցը 30 և ավելի բարձր է)։
Դեպքերի մեծ մասում ծննդաբերությունից հետո արյան շաքարի մակարդակն ինքնուրույն նորմալանում է: Սակայն գեստացիոն դիաբետը չվերահսկելու դեպքում կարող է բերել մի շարք բարդությունների. գեստացիոն դիաբետի առկայությունը կարող է բարձրացնել ինչպես մոր, այնպես էլ երեխայի մոտ հետագայում 2-րդ տիպի դիաբետով հիվանդանալու ռիսկը:
Խնդիրը բացի մորից, երեխայի վրա նույնպես կարող է ազդող հետևանքներ ունենալ, որոնցից են՝
ծնվելիս՝ մարմնի ավելորդ քաշ,
վաղաժամ ծննդաբերություն և սուր շնչառական դիսթրես համախտանիշ,
ցածր արյան շաքար,
ավելի բարձր տարիքում՝ գիրության և 2-րդ տիպի դիաբետի բարձրացած ռիսկ:
Իսկ մոր վրա՝
բարձր արյան ճնշման և պրեէկլամպսիայի ավելի բարձր ռիսկ,
ծննդաբերությունից հետո գիրության և 2-րդ տիպի դիաբետի ավելի բարձր ռիսկեր:
Գեստացիոն դիաբետի կանխարգելումը, ինչպես նշեցինք հիմնված է ճիշտ ժամանակին խնդիրը կարգավորելու և վերահսկելու հետ։
Կարելի է նաև վազեցնել հղիության ժամանակ գեստացիոն դիաբետի հավանականությունը՝ մինչև հղիանալը անցնելով առողջ սննդակարգի և, ընդհանուր առմամբ, վարելով առողջ ապրելակերպ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։