11/05/2023 19:12
«Պատմական օր է թանգարանի համար»․ Կայացել է Էրմիտաժի և Էրեբունու արգելոց-թանգարանի միջև պայմանագրի կնքման արարողությունը
Էրեբունի թանգարանում կայացել է Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի և Էրեբունու պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջև առցանց ձևաչափով պայմանագրի կնքման արարողությունը։ Այն ստորագրվել է պետական Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկու և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի կողմից։
Պայմանագրով նախատեսված է Էրեբունի թանգարանում ստեղծել Էրմիտաժի անկյուն, ինչպես նաև առավել զարգացնել երկու հաստատությունների միջև փոխադարձ համագործակցությունը։
«Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը շեշտել է՝ այսօր պատմական օր է թանգարանի համար:
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Սեդա Աղբալյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշել է, որ սա կարևոր իրադարձություն է:
«Պետք է գիտակցենք, որ Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի հետ համագործակցությունը կարևոր մշակութային իրադարձություն է, և հենց մշակութային իրադարձությունների շնորհիվ էլ պահվում և ամրապնդվում են բարեկամական կապերը»,- ասել է Սեդա Աղբալյանը: