11/05/2023 20:55
Հրատապ գրություն եմ ուղարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին՝ ակնկալելով հասցեական գնահատական՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման առնչությամբ
Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչից պահանջել եմ, որ հասցեական արձագանքի շտապօգնության մեքենայի ուղղությամբ կրակ բացած Ադրբեջանի զինված ուժերի հակաիրավական գործողություններին, հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
«Այսօր՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա:
Այս հանցավոր գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև վիրավորում ստացած հայ զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Հերթական անգամ թիրախավորելով մասնագիտական պարտականությունները կատարող բուժաշխատողներին և շտապօգնության մեքենան՝ Ադրբեջանը կոպտագույնս խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիայի դրույթները:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հրատապ գրություն եմ ուղարկել ՀՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին՝ ահազանգելով դեպքի մասին և ակնկալելով հանդես գալ հասցեական և կոնկրետ հրապարակային հայտարարությամբ՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման առնչությամբ»,- գրել է Թագուհի Թովմասյանը։