11/05/2023 17:12
Բացահայտվեց, որ Սերգո Կարապետյանն իր ենթականերին ուղղորդել է ցուցմունք տալ․ այս գործն այսօր վերջնականապես քանդվեց․ Ամրամ Մակինյան
Շուրջ 10 տարի առաջ վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումների գործով դատական հերթական նիստի ավարտին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ հիմնավորվել է ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքների ոչ ճշմարտացի լինելը, հիմնավորվել է նաև, որ Սերգո Կարապետյանն է իր ենթականերին ուղղորդել նախաքննության ընթացքում ցուցմունքներ տալ․ այսօրվա նիստում հարցաքննված Գևորգ Հարությունյանը, որը ՀՀ գյուղատնտեսության բուսաբուծության վարչության նախկին պետն է, դատարանում հայտարարել է՝ իրեն Սերգո Կարապետյանն է ուղղորդել նախաքննության ընթացքում ցուցմունք տալ։
«Այն, ինչը կատարվեց այս դատական նիստում, անակնկալ էր այն իմաստով, որ անձը իրականում ծանրութեթև էր արել իր կատարած ոչ արժանահավատ տեղեկություններ հայտնելն ու զրպարտելը և այսօր հայտնեց իրականությունը: Բացահայտվեց, որ Սերգո Կարապետյանը իր ենթակա աշխատողներին ուղղակի խնդրել է: Դատական նիստի ընթացքում հիմնավորվեց Սերգո Կարապետյանի ցուցմունքների ոչ ճշմարտացի, մտացածին, սուտ լինելը»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Փաստաբանը նաև ընդգծեց՝ այս գործով հանցագործության դեպքը բացակայում է։
«Տեսնում ենք, թե մեղադրողն ինչ ջանքեր է գործադրում, որ փորձի ինչ-որ մի բան ցույց տալ հանրությանը: Սա այս երկրի ամոթն է։ Ամոթ է երկրի նախագահին մեղադրել այս փաթեթավորմամբ քրեական գործով: Ամոթ է, որ տարիներ շարունակ մենք մասնակցում ենք այսպիսի դատական նիստի ու փորձում ենք ապացուցել մի բան, որն ընդհանարպես ապացուցման կարիք չունի: Սա խայտառակություն է։ Մեղադրողը փորձում է դատավարության այն մասնակիցների վրա, որոնք իրեն ոչ հաճո ցուցմունքներ են տալիս, ճնշումներ գործադրել։ Ամբողջն արձանագրվում է, բայց իրականում այս գործը այսօր վերջնականապես քանդվեց»,- ասաց Ամրամ Մակինյանը: