11/05/2023 18:00
Քննարկվել են «Նաիրիտ»-ի տարածքում գտնվող վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանը վերաբերող հարցեր
ՆԳՆ-ից հայտնում են՝ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։
«Մայիսի 10-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի ունեցավ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված, 2023թ․ ապրիլին ստեղծված, միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։
Նիստը նախագահում էր ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ․Ցուցուլյանը։
Նիստին մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալները, ՓԾ ԲՊԱՌՆ վարչության մասնագետները, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Քաղաքաշինության, Տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչն ու «Նաիրիտ 2» ՓԲԸ գլխավոր տնօրենը։
Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց․ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում գտնվող քիմիական նյութերի անվտանգ կառավարման և ոչնչացման հարցերի քննարկման և հետագա լուծումների սահմանման, ինչպես նաև ջրագծերի անցկացման և հիդրանտների բարձր ճնշումով ապահովման հարցերը։
ՓԾ ԲՊԱՌՆ վարչության պետ, փ/ծ գնդապետ Գ․Մարտիրոսյանը խմբի անդամներին ներկայացրեց, որ ջրագծերի անցկացման և հիդրանտների բարձր ճնշումով ապահովման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։ Ներկայումս աշխատանքներն ընթանում են քիմիական նյութերի անվտանգ կառավարման և ոչնչացման հարցերի շուրջ։
Աշխատանքային խմբի անդամները ներկայացրեցին գործարանում տիրող ներկայիս իրավիճակը, առկա տարբեր քիմիական նյութերի ծավալը, վիճակը, պահպանության պայմանները, ռիսկերն ու հնարավոր ազդեցությունը մարդկանց և շրջակա միջավայրի վրա:
Օրակարգային հարցերի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում, խմբի անդամների կողմից ներկայացվեցին առաջարկություններ:
Ամփոփելով քննարկումների արդյունքները՝ նախագահողը խմբի անդամներին առաջարկեց առաջիկայում ներկայացնել նախագծային փաթեթ, որտեղ կնախանշվեն խնդրի հնարավոր լուծման ուղիները։ Վերջինս հիմք կհանդիսանա աշխատանքային ծրագրի մշակման և հետագա գործընթացների կազմակերպման համար։
Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին՝ ՓԾ տնօրենն ընդգծեց, որ աշխատանքային խմբի անդամներից ակնկալում է ստանալ առկա խնդրի հրատապ ու արդյունավետ լուծման առաջարկներ»,- նշված է հաղորդագրությունում: