11/05/2023 20:24
«Սերգո Կարապետյանը փաստացի ինձ խաբել է»․ Դիզվառելիքի գործով ամբաստանյալ Հարությունյանը խոստովանեց՝ ուղղորդմամբ է կեղծ ցուցմունք տվել (Տեսանյութ)
Շուրջ 10 տարի առաջ վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումների գործով դատական հերթական նիստի ժամանակ ամբաստանյալներից Գևորգ Հարությունյանը, ով ՀՀ գյուղատնտեսության բուսաբուծության վարչության նախկին պետն է, դատարանում հայտարարել է՝ իրեն Սերգո Կարապետյանն է ուղղորդել նախաքննության ընթացքում կեղծ ցուցմունք տալ։
«Սերգո Կարապետյանը փաստացի ինձ խաբել է»,- ասել է Հարությունյանը։
Նշենք, որ ամբաստանյալների հարցաքննությունը սկսվել էր նախորդ դատական նիստին։ Ներկայացվել էին գյուղնախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքները, ապա՝ Սևան Քոչարյան-Սերգո Կարապետյան առերեսման սղագրությունը: Ըստ Սերգո Կարապետյանի ցուցմունքների՝ վերջինս կտրականապես հերքել է գործընթացին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը, ապա որոշ ժամանակ անց փոխել է ցուցմունքը, ասել, որ Նախագահն իրեն ցուցում է տվել, որ մրցույթում պետք է շահի «Ֆլեշ» ՍՊԸ-ն:
Այսօրվա դատական նիստին, երբ շարունակվել են ամբաստանյալների հարցաքննությունները, Գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակից, վարչության պետ Գևորգ Հարությունյանը դատարանի դահլիճում հայտարարել է՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն իրեն ուղղորդել է նախաքննական կեղծ ցուցմունքներ տալ։
«Սերգո Կարապետյանն ասաց՝ էսպես կասես, մեկ է՝ վարույթը կարճվելու է: Միամտություն եմ արել, որ հավատացել եմ նրան»,- ասել է նա։
Դատախազի, պաշտպանների ու դատավորի հարցերից հետո դատարանն արձանագրել է, որ Գևորգ Հարությունյանի ցուցմունքներում էական հակասություններ կան:
Հիշեցնենք՝ որ ըստ «Դիզվառելիքի գործի» մեղադրական եզրակացության՝ «Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ», Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական կողմն այս գործընթացը գնահատում է քաղաքական հետապնդում։
Այսօրվա դատական նիստի ավարտին Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը նշել է․ «Տեսնում ենք, թե մեղադրողն ինչ ջանքեր է գործադրում, որ փորձի ինչ-որ մի բան ցույց տալ հանրությանը: Սա այս երկրի ամոթն է։ Ամոթ է երկրի նախագահին մեղադրել այս փաթեթավորմամբ քրեական գործով»։
Ինչ վերաբերում է Գևորգ Հարությունյանի այսօրվա ցուցմունքին, ապա Ամրամ Մակինյանն ընդգծել է՝ դատարանի դահլիճում էլ բացահայտվեց, որ մինչ այս ոչ արժանահավատ և զրպարտչական տեղեկություններ էին ներկայացվել։
«Անձը իրականում ծանրութեթև էր արել իր կատարած ոչ արժանահավատ տեղեկություններ հայտնելն ու զրպարտելը և այսօր հայտնեց իրականությունը: Բացահայտվեց, որ Սերգո Կարապետյանը իր ենթակա աշխատողներին ուղղակի խնդրել է: Դատական նիստի ընթացքում հիմնավորվեց Սերգո Կարապետյանի ցուցմունքների ոչ ճշմարտացի, մտացածին, սուտ լինելը»,- ասել է Ամրամ Մակինյանը։