11/05/2023 15:59
ԱԱԾ, ՊՊԾ, ՊՆ աշխատակիցները կմասնակցեն ռազմամարզական մրցումների․ մոտ 50 մլն դրամ ծախսերը կիրականացվեն պետբյուջեի հաշվին
Կառավարության որոշմամբ հաստատվել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի կանոնակարգը, կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի կազմը, մասնակցության հայտի օրինակելի ձևը, ստուգողական կետի նկարագրի սյունակներում կիրառվող նշանների օրինակելի ձևը, նախահաշիվը և ժամանակացույցը:
Խաղերն անցկացվելու են 2023թ. օգոստոսի 20-27-ը, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության մարզաբազաներում:
Նշվում է, որ նախագիծը բխում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թվականի հունվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացված խորհրդակցությանը կայացված որոշումից՝ ի գիտություն ընդունելով ՀՀ վարչապետի դիրքորոշումն առ այն, որ մրցումներին պետք է մասնակցեն ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաև ՊՊԾ, ՊԵԿ, Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության թիմերն՝ ըստ մարզաձևերի:
«Ֆիզիկական ակտիվությունը ֆիզիկական առողջության հզոր միջոց է: Ուժային կառույցների աշխատակիցների ֆիզիկական պատրաստվածությունը սպորտի և ֆիզիկական դաստիարակության, առողջության և առողջապահության կարևորագույն բաղկացուցիչ մասն է, այն համարվում է պետության սոցիալական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելը, ֆիզիկական պատրաստականության դերի ու նշանակությունը բարձրացնելը, ինչպես նաև կառույցների միջև մարզական առողջ մթնոլորտ ստեղծելը կապահովվի ուժային կառույցների աշխատակիցների ֆիզիկական պատրաստության անհրաժեշտ մակարդակը»,- ասվում է որոշման մեջ։
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ուժային կառույցների աշխատակիցների ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվածությունը, կամրապնդվի նրանց առողջությունը և երկարակեցությունը :
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում, իսկ ծախսերն ավելանում են 49 723 170 հազար դրամով: Ծախսերը նախատեսվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: