11/05/2023 12:08
Մարտական հերթապահություն իրականացնող զորամասում գնդապետը «բավարար» գնահատականի դեպքում կստանա 737 հազար, «գերազանց»-ի դեպքում՝ 923 հազար դրամ. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ)
Կառավարության որոշմամբ սահմանվեցին պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափը և ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների նոր չափերը, ինչպես նաև հստակեցվեց օրենքով սահմանված դեպքերում իրականացված նոր ատեստավորման արդյունքներով զինծառայողին համապատասխան չափով հավելավճարի հաշվարկման կարգը:
Ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական: Ատեստավորման արդյունքներով «ենթակա է հաշվարկվելու հավելավճար» կամ «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճաններից ու մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից զինծառայողը ստացել է «բավարար» կամ «լավ» կամ «գերազանց» գնահատական:
«Ընդ որում, զինծառայողը մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային առաջադրանքների առնվազն 21 հարցի սխալ պատասխանելու դեպքում ստանում է «անբավարար», 30-ից մինչև 34-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ «բավարար», 35-ից մինչև 44-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ «լավ», իսկ 45 և ավելի հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ «գերազանց» գնահատական։ Գնահատվում է «գերազանց», եթե ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճաններից ու մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է միայն «գերազանց» գնահատական, գնահատվում է «լավ», եթե ֆիզիկական կամ կրակային կամ շարային պատրաստության աստիճաններից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից թեկուզև մեկից ստացել է «լավ» գնահատական, իսկ մնացածներից ստացել է «գերազանց» գնահատական, գնահատվում է «բավարար»՝ եթե ֆիզիկական կամ կրակային կամ շարային պատրաստության աստիճաններից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից թեկուզև մեկից ստացել է «բավարար» գնահատական, իսկ մնացածներից ստացել է «գերազանց» կամ «լավ» գնահատական»,- մանրամասնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Առաջարկվում է սպայական կամզի հավելավճարների չափերը «գերազանց»-ի դեպքում սահմանել 470 հազար դրամ, «լավ»-ի դեպքում՝ 420 հազար դրամ, «բավարար»-ի դեպքում՝ 230 հազար դրամ։
«Մյուս կազմերի հավելավճարների չափերն են՝ «գերազանց»՝ 395 հազար դրամ, «լավ»՝ 345 հազար դրամ, «բավարար»՝ 205 հազար դրամ»,- նշեց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե սպայական կազմից «գերազանց» ստացողը, եթե ստանում է 350 հազար դրամ, ատեստավորման դեպքում կստանա 700 հազար դրամ, եթե ստանում է 400 հազար՝ կստանա 800 հազար դրամ։
Սուրեն Պապիկյանն ավելի մանրամասնեց. դիցուք, շարքային կազմը ատեստավորման «բավարար» գնահատական ստանալու պարագայում, մարտական հերթապահությունը ներառյալ, կստանա 321 հազար 910 դրամ, «լավ»-ի դեպքում՝ 439 հազար 910 դրամ, «գերազանց»-ի դեպքում՝ 470 հազար 910 դրամ։
«Սա շարքային կազմի ամենաբարձր կոդն է, ունենք ավելի ցածր կոդեր։ Օրինակ՝ գնդապետը «բավարար» գնահատականի դեպքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասում կստանա 737 հազար 760 դրամ, իսկ «գերազանց»-ի դեպքում՝ 923 հազար 260 դրամ»,- հավելեց նախարարը։