11/05/2023 11:33
Սոթքում իրադրությունը սրելու միջոցով Ադրբեջանը փորձում է մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը. Վարչապետ
Ադրբեջանը սրում է իրավիճակը, որ միջազգային ու հայաստանյան հանրության ուշադրությունը շեղի Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է. սեպտեմբերյան ագրեսիան մոռացության տալու փորձ արեցին կեղծ բնապահպանական ակտիվիստներով Լաչինի միջանցքը արգելափակելու միջոցով, Լեռնային Ղարաբաղում հաստատված ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում ՀՀ պետական սահմանը հատելու միջոցով, Տեղի հատվածում սահմանի խախտումը մոռացության փորձ արեցին Լաչինի միջանցքում անցակետ դնելու միջոցով, Սոթքում իրադրությունը սրելու միջոցով փորձում են մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը»,-ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ի հեճուկս Ադրբեջանի փորձերի՝ բոլոր հարցերը շարունակում են մնալ կառավարության առաջնային օրակարգում։
«Միջազգային հանրության հետ ակտիվ կոմունիկացիան այս թեմաների վերաբերյալ պետք է շարունակվի»,- նշեց նա։