11/05/2023 20:05
Երևանում թիվ 9 երթուղու տրոլեյբուսը բախվել է երկաթե սյանը և հրդեհվել. կան տուժածներ
Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Ռուբինյան 20 հասցեի դիմաց, թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթե սյանը:
Բախման հետևանքով տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են տրոլեյբուսի վարորդն ու քաղաքացիները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մի քանի տուժած քաղաքացիներ կան, որոնց օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկները:
Այս տեղեկությունը պարեկային ծառայությունը պարզում է, ինչպես նաև տրոլեյբուսի վարորդի ինքնությունը:
Դեպքին անդրադարձել է նաև ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Մայիսի 11-ին, ժամը 18։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տրոլեյբուսից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և բռնկվել»,- ասված է հաղորդագրության մեջ։