12/05/2023 18:42
«Իշխանությունների կողմից Գրիգորի Խաչատուրովը դիտարկվում է որպես իրենց պլաններին խանգարող անձ․ նրա նկատմամբ անձնական հետապնդում է իրականացվում»․ Փաստաբան
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական կողմը դատավարության ընթացքից նոր մանրամասներ է հայտնում։ Պարզվում է՝ դատավորը, ում նախագահությամբ ընթանում է Խաչատուրովի գործով դատական նիստը և մեղադրող դատախազը ընկերներ են։
«Ասում եմ՝ այս հիմքով ինքնաբացարկ ունեմ, ձեզանից մեկը չի կարող վարույթին մասնակցել։ Դուք ընկերներ եք, կամ բացահայտեք՝ ինչ կա թաքնված դրա հիմքում, կամ պետք է ձեզանից ինչ-որ մեկը հեռացվի այս վարույթից։ Ինձ հնարավորություն չտվին․ այդ հանգամանքները գրառելու, գրավոր ներկայացնելու համար ինձ ընդհանրապես ժամանակ չի տրվել»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Միհրան Պողոսյանը։
Ինքնաբացարկի հիմքերը ներկայացնելու և ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար ևս փաստաբանին ժամանակ չի տրամադրվել։
«Այլ անձանց պաշտպաններից որոշներն ասացին՝ մեղադրողին ենք բացարկի միջնորդություն ներկայացնում, դա էլ քննարկման առարկա չդարձրին։ Մյուսներն ասացին՝ մեր պաշտպանության իրավունքն է խախտվում, ոչ մի բանին ուշադրություն չի դարձվում։
Հստակ հնչեց արտահայտություն, որ դատավորին կարգադրել են Գրիգորի Խաչատուրովի կալանքի որոշումը կայացնել, դրան որևէ պատասխան չեղավ։ Եթե այդ հանգամանքն իրական չլիներ, այդպիսի կարգադրություն չլիներ, դատավորն ինչ-որ կերպ կարձագանքեր։
Այդ բազկաթոռը դրել են, նա գնացել, նստել է այդ բազկաթոռին ու հրահանգված գործողություն պետք է կատարի՝ Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարացնել»,- ընդգծեց փաստաբանը։
Միհրան Պողոսյանի խոսքով՝ դատավորն իրենց և գործով անցնող այլ անձանց պաշտպանների պնդումներին ու հիմնավորումներին արձագանքել է միայն «դեմքի կարմրածությամբ»։
«Ուրիշ ոչ մի բանով։ Ոչ մի արձագանք չի լինում․ «Եղավ, լավ, նստեք»»,- իրավիճակը ներկայացրեց Պողոսյանը։
Պաշտպանական կողմը վստահ է՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ անձնական հետապնդում է իրականացվում։
«Դատավոր Արամ Գրիգորյանը շատ փոքր ֆիգուր է այս ամենի մեջ, որ ինքնուրույն որոշումներ կայացնի։ Ակնհայտ է, որ սա ուղղորդվող գործողություն է, նպատակը Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելն է։ Անձնական հետապնդում է Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ իրականացվում՝ իր կեցվածքի, հենց իր անձի պատճառով։ Հայտնի են Տավուշի մարզի նկատմամբ իշխանության ունեցած նպատակները, և քաղաքական իշխանությունների կողմից Գրիգորի Խաչատուրովը դիտարկվում է որպես իրենց պլաններին խանգարող անձ։ Այդ իսկ պատճառով այս պահին պետք է գտնվի կալանքի տակ»,- ասաց փաստաբանը։