12/05/2023 18:02
Չեմ պատրաստվում լեգիտիմացնել դատարանի ապօրինի գործողությունները․ Խաչատուրովի պաշտպանը հեռացավ դատական նիստերի դահլիճից
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով դատաքննության ընթացքում տեղ գտնող դրսևորումները մտահոգում են Խաչատուրովի պաշտպանական կողմին։ Պաշտպաններից Հակոբ Ենոքյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանի նիստերի դահլճից՝ հայտարարելով՝ չի պատրաստվում լեգիտիմացնել դատարանի ապօրինի գործողությունները։
Փաստաբանը մանրամասնեց՝ դատավորը, թողած դատական ընթացակարգը, շտապում է անպայման քննել մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ Պաշտպանական կողմն այստեղ միտում է տեսնում։
«Երեկվա դատական նիստը հետաձգվել է մեղադրյալներից Հակոբ Մարտիրոսյանի պաշտպանի բացակայության հիմքով։ Այսօր դատական նիստին պաշտպանը ներկա չէր։ Ըստ դատարանի հայտարարության՝ ասել է, որ անձնական պատճառներ ունի, բայց Հակոբ Մարտիրոսյանն էլ ասել է, որ ծանուցված չի եղել, դրա համար չի ներկայացել։ Այդ հիմքով դատական նիստը մի պահ ընդմիջվեց, իսկ երբ վերսկսվեց, դատավորը եկավ ու ասաց, որ դատարանը կաշկանդված է ողջամիտ ժամկետներով, չգիտեմ՝ ինչ ողջամիտ ժամկետների մասին է խոսքը, և հիմա քննարկում է մեղադրյալների խափանման միջոցների հարցը։
Մենք Քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի համաձայն՝ ունենք քննարկման հստակ հերթականություն, որը պարտադիր է, իմպերատիվ է և փոփոխման ենթակա չէ։ Նախ պետք է քննարկվի վարույթի մասնակիցների բացարկի, ինքնաբացարկի հարցերը, դրանից հետո պետք է քննարկվի ընդդատության հարցը, հետո պետք է քննարկվի քրեական հետապնդումը բացառող հանգամանքների հարցը, նոր չորրորդը քննարկվի խափանման միջոցների հարցը»,- նշեց Ենոքյանը։
Հարցին՝ ինչո՞ւ է շտապում դատարանը, փաստաբանն արձագանքեց․ ընդմիջումից հետո դատավորի վարքագիծը կտրուկ փոխվել է, այդ ընթացքում, հավանաբար, ինչ-որ բան է տեղի ունեցել։
«Չգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ, դատավորը եկավ ու վարքագիծը կտրուկ փոխեց՝ 180 աստիճանով ու այսպես տրամադրված՝ անընդհատ մեղադրողին ասում էր՝ դիրքորոշում ներկայացրեք խափանման միջոցի կապակցությամբ»,- ասաց Հակոբ Ենոքյանը։
Նա հայտնեց նաև, որ ինքն առարկություն է ներկայացրել դատարանի գործողությունների դեմ, նաև միջնորդություն է ներկայացրել, որ դատական նիստը հետաձգվի, իսկ Մարտիրոսյանին էլ ապահովեն պաշտպանով, սակայն իր միջնորդությունը մերժել են։
«Հարցրեցի՝ ի՞նչ հիմնավորմամբ։ Դատավորն ասաց՝ դատարանը կաշկանդված է խափանման միջոցները քննարկելու ժամկետով, բայց այնպես չէ, որ դատարանն իրավունք ունի «ողջամիտ ժամկետում» ինչ-որ մի գործ քննի, ավարտի։ Այդպիսի իրավունք ունեն մեղադրյալները»,- ընդգծեց փաստաբանը։