12/05/2023 11:15
Սոթքում մարդիկ սպասում են, որ մեր երկրում իշխանության ղեկը ստանձնածները իրենց գործառույթներն իրապես իրականացնեն. Ասպրամ Կրպեյան
Երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Գառնիկ Դանիելյանը, Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, Արգիշտի Գևորգյանը և Արման Ղազարյանը տեղում իրավիճակին ծանոթանալու և քաղաքացիների հետ զրուցելու նպատակով այցելել են Գեղարքունիքի մարզ, եղել Սոթք և Կութ համայնքներում:
Aysor.am-ի հետ զրուցյում Ասպրամ Կրպեյանն ասաց, որ երեկ ուշ երեկոյան վերադարձել են Երևան. «Այս պահին Երևանում ենք, բայց կապի մեջ ենք այնտեղի մեր գործընկերների, հայրենակիցների հետ: Եթե իրավիճակը փոխվի, ցանկացած պահի նորից կվերադառնանք այնտեղ: Այն պահին, երբ մենք այնտեղ էինք, էլի կրակում էին: Չեմ կարող պնդել, որ կրակոցներն ինտեսիվ էին, անընդհատ ընդմիջումներով տարատեսակ զինտեխնիկա է կիրառվել»:
Նա նաև ավելացրեց, որ Սոթքից բնակիչները չեն տարհանվել, դպրոցներն ու մանկապարտեզները հեռավար կարգով են աշխատանքն իրականացրել. «Մարդիկ սպասում են, որ մեր երկրում իշխանության ղեկը ստանձնածները իրենց գործառույթներն իրապես իրականացնեն: Մենք այնտեղ չտեսանք, որ մեր հայրենակիցների հետ որևէ աշխատանք է տարվում, որպեսզի դիմադրության պատրաստ մարդը արժանապատիվ դիմադրություն ցուցաբերի»: