12/05/2023 17:04
Պրոցեսը ծայրից ծայր անօրինական է, դատավորին նշանակել են միայն մի ֆունկցիա կատարելու համար, որ Գրիգորի Խաչատուրովի կալանքը երկարաձգի․ Փաստաբան (Տեսանյութ)
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով դատաքննության ընթացքում ապօրինությունները շարունակվում են, պաշտպանական կողմն ահազանգում է՝ դատավորը միայն մի ֆունկցիա է կատարում՝ ամեն կերպ երկարաձգել Խաչատուրովի կալանքը։
«Պրոցեսը ծայրից ծայր անօրինական է, դատավորին նշանակել են միայն մի ֆունկցիա կատարելու համար, որ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տալ պահելու հետ կապված որոշումը երկարաձգի։ Հիմա էլ, բոլոր իրավունքները խախտելով, առանց պաշտպանի, հենց հիմա դատարանի դահլիճում նիստ է գնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբաններից Միհրան Պողոսյանը, ով դուրս էր եկել՝ դատական պրոցեսի հետ կապված նյութերն ստանալու նպատակով անհրաժեշտ ընթացակարգ անցնելու համար։ Փաստաբաններին նյութերին ծանոթանալու համար ընդամենը 30 րոպե են հատկացրել՝ այն դեպքում, երբ այս օրերի դատական ամեն նիստը ժամեր է տևել։
«Մենք ասում ենք՝ 4 օր է՝ դատական նիստ է, ժամերով նիստեր են եղել, մեզ կրիչը տվեք, տալիս են 30 րոպե ժամանակ, որ գնանք, ծանոթանանք կրիչիին, որը չեն տրամադրում։ Կրիչները մինչև հիմա չեն տվել»,- ասաց փաստաբանը։
Նա հավելեց՝ դատական պրոցեսի մյուս հարցերը թողած՝ դատավորն ամեն կերպ փորձում է խափանման միջոցի հարցը քննարկել՝ Խաչատուրովի կալանքը երկարաձգելու միտումով։
«Հենց հիմա ամեն ինչ անում է, որպեսզի խափանման միջոցի հարց քննարկի, որովհետև, իր կարծիքով, ժամկետով սահմանափակված է, այդ ժամկետն էլ գոյություն չունի։ Ծայրից ծայր անօրինական պրոցես է»,- ասաց Միհրան Պողոսյանը։
Փաստաբանն ավելի վաղ դռնփակ դատական նիստից տեսագրություն էր հրապարակել՝ հանրությանը հասանելի դարձնելու համար այն իրավախախտումները, որոնք տեղի են ունենում Գրիգորի Խաչատուրովի գործով դատաքննության ընթացքում։
Հիշեցնենք՝ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական կողմը բազմիցս պնդել է, որ նիստը դռնփակ անցկացնելու հիմնավոր պատճառ չկա, նույն կարծիքը հայտնել է նաև մեղադրող կողմը, սակայն նիստի դռնփակ ձևաչափն անփոփոխ է մնացել։