12/05/2023 12:38
Առողջության ապահովագրության ներդրմամբ քաղաքացին տուժելու է, լուրջ կոռուպցիոն ռիսկեր ենք տեսնում, գեղեցիկ կոստյում է կարվում ինչ-որ մեկի համար. Անուշ Պողոսյան
ՀՀ կառավարության նախաձեռնած «Առողջության համապարփակ ապահովագրության» ներդրման հիմնական խնդիրներից և նպատակներից մեկը բնակչության ֆինանսական պաշտպանվածության բարձրացումն է, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը՝ ներկայացնելով հայեցակարգը։
Միջոցառմանը ներկա «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Անուշ Պողոսյանի գնահատմամբ, սակայն, կառավարության նախաձեռնած «Առողջության համապարփակ ապահովագրության» ներդրման գործընթացը մի շարք լուրջ խնդիրներ է առաջացնում։
«Ցանկացած բարեփոխում պետք է ունենա իր շոշափելի արդյունքը, գեղեցիկ խոսքերից զատ՝ քաղաքացին պետք է զգա փոփոխությունը։ Մինչդեռ քաղաքացին այս օրենքի ընդունմամբ տուժելու է, որովհետև վճարելու է մի բանի համար, երբ հասկանալի չէ, թե ինքը դրա արդյունքը երբ է ստանալու», - լրագրողների հետ զրույցում ասաց Անուշ Պողոսյանը։
Ըստ փորձագետի՝ համակարգի ներդրմամբ խախտվելու է քաղաքացիների սահմանադրական իրավունքը.
«Օրինակ, այն շահառուները, որոնք պետության կողմից ստանում են առողջապահական հետազոտությունների և բուժման փաթեթները, իրենց կյանքում այս տարիների ընթացքում, ըստ օրենքի, ոչինչ չի փոխվելու։ Փաստորեն, պետության հովանու տակ գտնվող այդ շահառուներին ասում են, որ դուք այլևս չեք համարվում սոցիալապես անապահով խավ, այլ համարվում եք ապահովագրություն ունեցող շահառու։
Ունենք լուրջ խնդիր. այս «բարեփոխմամբ» լիազոր մարմինը հիմնարկների համար որոշակի նորմեր է սահմանում և դրանց հիման վրա հիմնադրամը պայմանագիր է կնքում հիմնարկների հետ։ Սա ենթադրում է, որ հիմնարկը պետք է ընտրի բժշկական օգնություն իրականացնող այն կազմակերպությանը, որն ապահովագրական խնդիրներ կլուծի։ Հիմա հարց․ ՀՀ-ում բժշկական օգնություն սպասարկող բոլոր հիմնարկները լիցենզավորվող են և նույն մեթոդով ու օրենքով են լիցենզիա ստանում, ինչպե՞ս ենք ընտրելու, որ սա լավ հիմնարկ է, մյուսը՝ վատ։ Այստեղ բավականին լուրջ կոռուպցիոն ռիսկեր ենք տեսնում»։
Բացի այդ, ըստ Պողոսյանի, քաղաքացին կարող է ցանկություն ունենալ բուժվելու իր բնակության վայրին մոտ հիմնարկում, բայց այստեղ ևս խնդիրներ կարող են առաջանալ։
«Նա կարող է մտնել այդ հիմնարկ, իրեն ասեն՝ կներեք, բայց առողջապահության նախարարությունն իր կրիտերիաներով համարում է, որ մենք ապահովագրական սպասարկում չենք իրականացնում։ Այստեղ խախտվում է մարդկանց սահմանադրական իրավունքը, որ իրենք որոշեն իրենց բուժող բժշկին, բժշկական հիմնարկը։
Մենք դնում ենք պարտադիր ամբուլատոր այցի սկզբունքը, որը վաղուց հանված էր։ Որտե՞ղ է իրականացվելու այդ պարտադիրի սկզբունքը, էլի ուղղորդումներ են արվելու և առողջության առաջնային պահպանման կենտրոնում, ըստ հայեցակարգի, ոչինչ չի փոխվելու», - նշեց նա։
Փորձագետն ասաց նաև, թե այսօր մի նախագիծ է շրջանառվում, որով ուզում են, որ բժշկական ասոցիացիաները և հասարակական կազմակերպությունները իրենց աշխատանքի թույլտվությունն ամբողջությամբ ստանան առողջապահության նախարարությունից:
«Սա բերում է շահերի ընդհանրացման։ Ինձ համար տարօրինակ է, երբ այս հարցի մասին բարձրաձայնում եմ, առողջապահության փոխնախարարն ասում է, թե դիմեք ԱԺ պատգամավորներին։ Օրենքում հստակ ասվում է, որ 164 հազար դրամ է կազմում տարեկան ապահովագրությունը, մինչդեռ չեն շրջանառվում գնագոյացման խնդիրները, այսինքն՝ ինչպես են ստացել այդ 164 հազարը։
Հայեցակարգում հստակ դրված են կարճաժամկետ և երկարաժամկետ թիրախներ։ Իհարկե, հասկանալի չէ, թե երկարաժամկետ թիրախը երբ է լինելու, բայց հարց՝ եթե 10 տարի հետո գնահատում և հասկանում եք, որ մահացությունը 1.2 տոկոսով չեք իջեցրել, ի՞նչ եք անելու։ 10 տարի շարունակ 164 հազար դրամ մուծած առողջ քաղաքացուն ասելու եք՝ ներողություն, մենք թիրախներին չհասա՞նք։
Ի՞նչ է ստացվում, մենք խոսում ենք որակից, ցուցանիշների բարելավումից, բայց չգիտենք, թե ինչն ինչի հետ են համեմատում։ Դա բերելու է լուրջ խնդիրների, խոշոր հաշվով՝ բնակչի կյանքում ոչինչ չի փոխվելու»։
Անուշ Պողոսյանի գնահատմամբ՝ կոռուպցիոն ռիսկերն այստեղ շատ են.
«Եթե սա ֆինանսական բարեփոխում է, ապա ինչու ֆինանսների նախարարությունը սրանով չի զբաղվում կամ՝ ինչու նախարարությունն իր դրական կարծիքը չի տալիս։ Միանշանակ կոռուպցիոն ռիսկեր լինելու են, որովհետև բժշկական օգնություն իրականացնող հիմնարկին լիցենզիան տալիս է առողջապահության նախարարությունը, որակի ցուցանիշների վրա հսկողությունը, ենթադրում եմ, ևս տալու է առողջապահության նախարարությունը։ Այնպես որ՝ գեղեցիկ կոստյում է կարվում ինչ-որ մեկի համար»։