12/05/2023 12:48
Բրյունետը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
Երգչուհի Բրյունետը, որի «Բաց կապույտ աչքերդ», «Smoke break» երգերը ճանաչում բերեցին նրան ու ճանապարհ հարթեցին դեպի «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթ, մայիսի 11-ին մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարելուց և եզրափակիչ անցնելուց հետո խոսել է իր ելույթի և եվրատեսիլյան «Future Lover» երգի առանձնահատկությունների մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյունետը շատերին անակնկալի բերեց ելույթի ժամանակ պարային դադարով, որը բացակայում է երգի արդեն տարածված տարբերակում և հոլովակում:
«Բոլոր այն մարդկ, որոնք ճանաչում են ինձ, գիտեն, որ ես սիրում եմ պարել, և մենք որոշեցինք պարային հատված ավելացնել երգին, երբ ես գրում էի այն: Մենք երգի երկու տարբերակ ունեինք՝ մեկն առանց պարային դադարի, մյուսը՝ պարային դադարով: Եվ շատ դժվար էր դա գաղտնի պահել: Ես անընդհատ ասում էի, որ անակնկալ ունեմ, և այդ անակնկալը հենց պարային դադարն էր: Եթե սիրեցիք այն, շնորհակալ եմ», - մրցույթից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշել է երգչուհին:
Անդրադառնալով երգում շոշափվող հոգեկան առողջության թեմային՝ Բրյունետը խոստովանել է, որ իր համար դժվար է խոսել այդ մասին:
«Երբ ես երգում ասում եմ «խուճապի նոպաներ» (panic attacks), հենց դա նկատի ունեմ: Շատ մարդիկ են բախվում հոգեկան առողջության խնդիրներին, և ես ևս բախվել եմ դրան: Պարզապես ցանկանում էի բոլորին ասել, որ ամեն ինչ կարգին է, բնական է նման պարագայում վատ զգալը», - շեշտել է Բրյունետը և մեջբերել երգի հաջորդ տողերը, որոնցում ասվում է, որ պետք է լինել լավը, անել լավն ու լավ տեսք ունենալ:
«Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 13-ին: