12/05/2023 18:16
Հնարավորություն է ստեղծվում առողջապահության ոլորտում բացառել հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը․ Անահիտ Ավանեսյան
Առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար անհրաժեշտ գույքային եւ տեխնիկական, ինչպես նաեւ մասնագիտական հագեցվածության պահանջների մեջ պարբերաբար կատարվում են փոփոխություններ` հաշվի առնելով միջազգային փորձը, տեխնոլոգիական զարգացումները, կրթական ծրագրերի զարգացումները եւ փոփոխությունները:
Լիցենզիաները դարձնելով 5 տարի ժամկետով տրվող` հնարավորություն է ստեղծվում բացառել հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 12-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը:
Նախարարի խոսքով` նախատեսվում է վերանայել նաեւ 2002 թվականից ի վեր տրված լիցենզիաները: Նա հայտնել է, որ ներկայացվել էին մի քանի առաջարկներ, որոնք ընդունվել են:
Ի սկզբանե նախատեսվում էր, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո, սակայն պատգամավորների առաջարկների քննարկման արդյունքում որոշվել է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 1 տարի հետո:
Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ մայիսի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում: