12/05/2023 16:16
Իրանի մասով ՀՀ արտաքին քաղաքականությունը չի փոխվել, այն դրական է. Արմեն Վարդանյան
Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի է ունեցել Իրանի արտահանման հնարավորությունների 5-րդ ցուցահանդեսը (Iran Expo 2023), որտեղ ներկայացվել են գյուղատնտեսության, սննդի, շինարարության, հագուստի, կենցաղային պարագաների, քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտները։
Իրանագետ Արմեն Վարդանյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ տնտեսական առումով այս տարիներին հարաբերություններն աշխուժացել են. «Երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները բավականին մեծացել են, եթե մի քանի տարի առաջ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը տարեկան հասնում էր ընդամենը 290 մլն դոլարի, ապա նախորդ տարի այն հատեց 500 մլն դոլարի սահմանը: Կողմերը նաև ցանկություն են հայտնել առաջիկա տարիներին այդ թիվը հասցնել 1 մլդ դոլարի»:
Վարդանյանը նշեց, որ համատեղ շատ կարևոր նախագծեր են իրականացվել և իրականացվում. «Հատկապես կցանկանայի նշել գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը, որը նախորդ տարի երկարաձգվեց մինչև 2029 թվականը։ Հայաստանի համար դա չափազանց կարևոր և շահավետ ծրագիր է: Նաև Իրան- Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումն է շատ կարևոր, կարծես թե, կողմերը պայմանավորվածություն ունեն, որ մինչև տարվա վերջ այն շահագործման կհանձնվի»:
Քաղաքական առումով, իրանագետը վստահեցնում է, որ երկու երկրների հարաբերություններում ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա. «Շատ է խոսվում Պարսից ծոց - Սև ծով տարանցիկ տրանսպորտային միջանցքի մասին: Ինչպես գիտեք, Իրանի, Հնդկաստանի և մի շարք այլ երկրների հետ հանդիպումներ, քննարկումներ են տեղի ունենում այս առումով և առաջիկա մի քանի տարիներին տեսանելի տեղաշարժ կլինի: Մանավանդ որ, ԵՄ-ն Հայաստանին առաջիկա մի քանի տարիներին հատկացնելու է 2,6 մլրդ եվրո և այդ գումարից 600 մլն եվրոն հատկացվելու է Սիսիան-Քաջարան նոր ճանապարհի կառուցմանը: Այն բավականին կկրճատի Սյունիքի հատվածում ճանապարհը և դրանից օգտվելու են նաև իրանական բեռնատարները»:
Արմեն Վարդանյանն ավելացրեց, որ խնդիրներ կան, որոնք մեզանից չեն կախված. «Իրանը պատժամիջոցների տակ է գտնվում և ֆինանսական առումով շատ ներդրումներ անելու հնարավորություն չունի: Մենք էլ մեր խնդիրներն ունենք: Կարծում եմ՝ Իրանի մասով ՀՀ արտաքին քաղաքականությունը չի փոխվել և այն դրական է»: