12/05/2023 16:36
ՀՀ ԱԳՆ-ն ուղիղ չի պատասխանում՝ արդյոք բանակցություններում քննարկվո՞ւմ է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը
Հայաստանի արտգործնախարարությունը խուսափում է ուղիղ պատասխանել հարցին՝ հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվո՞ւմ է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու տարբերակը, և արդյոք Հայաստանն արդեն տվե՞լ է իր համաձայնությունը, գրում է «Ազատությունը»-ը։
Ամիսներ շարունակ Արցախի ինքնորոշման իրավունքը չպնդող վարչապետ Փաշինյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին։
«Ազատությունը» հարցում է ուղարկել արտգործնախարարություն՝ ճշտելու՝ «վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու տարբերակը, և Հայաստանը արդեն տվե՞լ է իր համաձայնությունը։ Եթե, այո, այդ դեպքում, ինչպե՞ս է պաշտոնական Երևանը պատկերացնում Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության պաշտպանությունը, երբ ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով մեկ անգամ չէ հայտարարվել, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայերի էթնիկ զտումն ու ցեղասպանությունն է»։
Արտգործնախարարությունից «Ազատությանը» պատասխանել են. «Հայաստանի Հանրապետությունը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը առ այն, որ Հայաստանի համար սկզբունքային է միջազգային տեսանելի ներգրավածությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումը Բաքվի ու Ստեփանակերտի միջև։ ԼՂ-ի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը կարևորագույն նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման համար»։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ երկու օրից Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում պետք է բանակցեն տարաձայնությունների հարցում դիրքորոշումները մոտեցնելու շուրջ։
Արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցություններից հետո Երևանն ու Բաքուն հայտարարեցին՝ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման» համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները մնում են տարամետ»:
Առանցքային տարաձայնությունների շարքում վարչապետը նաև Լեռնային Ղարաբաղի հարցն է շեշտել։
«Լեռնային Ղարաբաղի հարցում, կարծում եմ, Երևանն արդեն այնքան զիջումներ է կատարել, որ ակնկալել, որ այս մինիմալ նախապայմաններից էլ կհրաժարվի, խելամիտ չէ։ Բայց Բաքվի համար սա կարմիր գիծ է։ Բաքուն նշում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է և որևէ միջազգային ներգրավվածություն չի կարող լինել։ Այդ առումով ես դժվար եմ պատկերացնում ինչ-որ լուծումներ այս հարցում։ Հնարավոր սցենարներից մեկը կարող է լինել այն, որ Ադրբեջանը կփորձի ռազմական գործիքակազմի կիրառման միջոցով ստիպել Երևանին հրաժարվել այդ դիրքորոշումից, և, մեծ հաշվով, Սոթքում տեղի ունեցողն, ամենայն, հավանականությամբ, հենց այդ նպատակով էր նախաձեռնվել», - ասել է Գրիգորյանը։