12/05/2023 11:25
Վաշինգտոնն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում հետ քաշել զորքերը սահմանի երկայնքով
ԱՄՆ պետդեպարտամենտն անդրադարձել է Սոթքի հատվածում Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային՝ նշելով, որ նման բախումները խաթարում են այն առաջընթացը, որին Հայաստանն ու Ադրբեջանը հասել են արժանապատիվ խաղաղություն ձեռք բերելու ուղղությամբ։
«Նման բախումները, մեր համոզմամբ, խաթարում են այն առաջընթացը, որին Հայաստանը և Ադրբեջանը հասել են տևական և արժանապատիվ խաղաղություն ձեռք բերելու ուղղությամբ: Երկու երկրների ղեկավարներին կոչ ենք անում, որ մայիսի 14-ին Բրյուսելում հանդիպման ժամանակ համաձայնեն սահմանի երկայնքով հետ քաշել իրենց զորքերը, ինչպես քննարկվել է պետքարտուղար Բլինքենի կողմից, երբ նրանք մայիսի սկզբին մասնակցում էին բանակցությունների այստեղ՝ Վաշինգտոնում», - ճեպազրույցի ժամանակ ասել է Պատելը:
Դիվանագետը նաև նշել է, որ ԱՄՆ-ն շատ քայլ է համարում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը, որի ընթացքում երկու երկրները հնարավորություն ունեին քննարկելու շատ կարևոր հարցեր:
«Մենք վստահ ենք, որ այս ամենն ունի խաղաղ լուծում: Հենց այդ պատճառով է, որ սկսած պետքարտուղարից մինչև այլ պաշտոնյաներ, մենք շարունակել ենք խորապես ներգրավված լինել այս հարցում», - ասել է Պատելը՝ հրաժարվելով կանխատեսումներ անել մայիսի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախատեսված հանդիպման վերաբերյալ:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցած բանակցություններն արդյունավետ էին և հիմք են դրել Բրյուսելում բանակցությունների շարունակության համար: