12/05/2023 17:48
Նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գնալուց առաջ թիմակիցներին ահռելի պարգևավճարներ է բաժանել. Իզաբելլա Աբգարյան
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ահազանգում է քաղաքապետարանում խոշոր պարգևավճարների մասին: Նրա խոսքով՝ 2023 թ. հունվարից մարտի վերջ ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից 58 մլն. 175 հզր. 280 դրամի պարգևավճար է տրվել: Խնդրի մասին ավագանու անդամը փաստերով ֆեյսբուքյան գրառում է կատարել, սակայն ոչ մի արձագանք չի ստացել:
Aysor.am-ի հետ զրույցում Աբգարյանը նշեց, որ քաղքապետարանում ոչ բոլորն են պարգևավճար ստացել. «Սովորական աշխատողներից միայն լրատվական բլոկն է ստացել և ավագ մասնագետները: Իսկ պարբերաբար մենք տեսնում ենք, որ պարգևավճար ստանում են քաղաքապետի տեղակալները, որոնց աշխատավարձն առանց այդ էլ բարձր է: Օրինակ, Տիգրան Ավինյանը պարգևավճար է ստացել, վարչության պետերն են ստացել:Երբ մենք զգալիորեն բարձրացնում էինք աշխատավարձերը, հիմնավորումն այն էր, որ այլևս չլինի աշխատավարձ գումարած պարգևավճար սկզբունքը: Բայց, փաստորեն, ստացվում է, որ այդպես չէ և բարձր պաշտոն զբաղեցնողներին տալիս են պարբերաբար պարգևավճարներ: Սա աննորմալ երևույթ է»:
Սակայն, Աբգարյանի խոսքով, ամենաաննորմալ բանը տեղի է ունեցել այս տարվա մարտ ամսին՝ նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հեռանալու ժամանակ.
«Նա այդ ամիս հեռանալուց առաջ պարգևավճար է տվել։ 58 մլն-ից մոտ 40 մլն-ն այդ ամսին է տրվել: Այդ ամիս ամենաճոխ պարգևատրումն է տեղի ունեցել և ամենաբարձր գումարը տրվել է քարտուղարությանը: Մոտ 20 մլն-ի չափով վարչության պետերն են ստացել: Ուզում ես հարցնել՝ ինչի՞ համար են ստացել: Քանի որ բոլորս էլ գիտենք, որ որևէ արտառոց հաջողություն, տքնաջան աշխատանքի արդյունք Երևանում մենք չենք տեսնում: Երբ քաղաքապետարանի աշխատողները հաղթահարում էին աղբահանության ճգնաժամը, ես հասկանում էի, երբ իրավաբանական վարչությանը պարգևավճարներ էին տրվում, քանի որ նրանք իսկապես հսկայածավալ աշխատանք էին կատարել: Բայց հիմա որևէ նման բան տեղի չի ունենում: Եվ տեսնում ենք խայտառակ թվերով պարգևավճարներ, ինչը նորմա է դարձել»:
Աբգարյանը նաև ավելացրեց, որ պարգևավճարներ են տրվում վարչությունների պետերի ժամանակավոր պաշտոնակատարներին, որոնք իրենց ծանոթ-բարեկամներն են.
«Խիստ անարդար գործելաոճ եմ տեսնում այստեղ: Ավագանին հաստատում է, թե տարվա ընթացքում ինչքան պարգևավճար կարող է տրվել, ֆոնդն ենք հաստատում, սակայն ավագանին միշտ շեշտել է, որ աշխատավարձը բարձրացնելուց հետո պարգևավճար պետք է տրվի միայն զգալի ձեռքբերումների դեպքում: Նայելով այդ ցանկին՝ առաջին հերթին հասկանում ես, որ իրենք մտածում են իրենց ընկերներին, որոնց բերել են համակարգ, լավ պահելու մասին: Նույն Հրաչյա Սարգսյանի արածը դրա վառ ապացույցն է: Իմ մոտեցումն է՝ եթե նա ուզում է շնորհակալություն հայտնել իր ընկերներին, թող իր գրպանից հյուրասիրություն կազմակերպի, աշխատակազմին հյուրասիրի, բայց ոչ երևանցիների գրպանից այդքան ահռելի գումար բաժանի»։
Իզաբելլա Աբգարյանը նաև շեշտեց, որ այսօր ավագանին անտարբեր վիճակում է գտնվում և բացարձակ որևէ մեկին չեն հետաքրքրում, թե՛ պարգևավճարների ծախսերը, թե՛ շինարարությունում տեղի ունեցող կասկածելի ծախսերը.
«ԲՀԿ խմբակցությունից Մարկոս Հարությունյանը հարցազրույց էր տվել, որտեղ քննադատում էր ավագանու աշխատանքը, բայց միևնույն ժամանակ, երբ խոսք գնաց պարգևավճարներից, հայտարարեց՝ վերջերս մի փոքր պարգևավճար են տվել: Այսինքն՝ 58 մլն-ը այս տարվա 3 ամսվա համար փոքր գումար է նա համարում»: