12/05/2023 13:48
Եթե ռուբլու արժեզրկում գրանցվի, մենք լուրջ խնդիրներ կունենանք. Թադևոս Ավետիսյան
Ռուբլու կուրսը մինչև տարեվերջ կտատանվի, դա միայն տնտեսական գործոններով չէ պայմանավորված: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովի նախագահ Անատոլի Ակսակովը։
Տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Aysor.am-ի հետ զրույցւմ նշեց, որ ռուբլու փոխարժեքի վրա միայն մի գործոն չէ որ ազդում է։
«Դրանք բազմաթիվ են, որոնք ունեն երկարաժամկետ կամ կարճաժամկետ ազդեցություն: Այս պահին բնական է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը նաև որոշակի տնտեսական դժվարություններ է առաջացնում ՌԴ տնտեսության համար, բնական է, նաև ազգային արժույթի՝ ռուբլու համար: Խոսքը վերաբերում է ոչ միայն ռազմական ծախսերին, այլև տնտեսական պատժամիջոցներին: Դրանք բոլորը բերում են ազգային արժույթի թուլացման կամ արժեզրկման», - ասաց նա։
Բայց մյուս կողմից էլ, ըստ տնտեսագետի, նավթի գների բարձրացումը ՌԴ-ի համար դրական տնտեսական ազդակ է, քանի որ նավթ արդյունահանող և արտահանող երկիր է։
«Ընդհանուր առմամբ դա կախված է նաև Կենտրոնական բանկի քաղաքականությունից: ՌԴ-ն պատերազմի սկզբնական շրջանում, երբ ռուբլու անկում կար, էապես բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, հիմա, իհարկե, իջեցրել է: Մյուս կողմից էլ, կարևոր է արձանագրել, որ եթե ռուբլու արժեզրկում գրանցվի, մենք լուրջ խնդիրներ կունենանք՝ սեփական արտադրանքի արտահանման իմաստով: Դրա հետևանքով կնվազի մրցունակությունը: Խոսքը վերաբերում է տեղական արտադրանքին։ Հայաստանն այսօր նաև ՌԴ է վերաարտահանում տարբեր երկրներից ներմուծված ապրանքներ: Այստեղ չեմ կարծում, որ էական փոփոխություն կլինի, բայց սեփական արտադրանքի արտահանումը, հատկապես, վերամշակող արդյունաբերության ոլորտում եղած խնդիրներն էլ ավելի կսրվեն, եթե արձանագրվի ռուբլու էական արժեզրկում», - ասաց Ավետիսյանը։
Հարցին, թե նման բան կանխատեսվո՞ւմ է, Ավետիսյանը պատասխանեց. «Դժվար է ասել, գործոնները բազմաթիվ են: Դա այնքան անորոշ է: Պետք է տեսնենք, թե ինչպիսին կլինի ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը, ԿԲ-ի վարքագիծը: Բայց մի բան փաստ է, որ արդեն տևական ժամանակ է ինչ պատերազմը շարունակվում է, բայց ռուբլու փոխարժեքը ոչ միայն կայունացել է, այլև որոշակիորեն արժևորվել», - ասաց նա։