12/05/2023 10:10
Ստրասբուրգում բարձրացվել է Ադրբեջանի գործողությունների արդյունքում առաջացած մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման և հումանիտար ճգնաժամի հետ կապված խնդիրները
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի այցը Ստրասբուրգ շարունակվում է։
Նախօրեին այցի շրջանակներում պատվիրակությունը մասնակցել է ներպետական մակարդակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման խթանմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը:
Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին ընդունել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
Քննարկվել են իրավապահ և դատաիրավական ոլորտներում Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի համագործակցության, բարեփոխումներին աջակցության հետ կապված հարցեր։
Հանձնաժողովի անդամները բարձրացրել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Ադրբեջանի գործողությունների արդյունքում տարածաշրջանում առաջացած մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման և հումանիտար ճգնաժամի հետ կապված խնդիրները։