13/05/2023 12:37
Fly One Armenia-ն վերջին պահին տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիր կա, տասնյակ մարդիկ կորցրեցին տոմսերը. ներողության, ափսոսանքի ոչ մի խոսք (Տեսանյութ)
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարլեն Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով այսօր մի խումբ լրագրողներով պետք է մեկնեինք Ստամբուլ՝ լուսաբանելու ընտրությունները: Սակայն FLY ONE ARMENIA ընկերությունը վերջին պահին՝ օդանավի դռան մոտ տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիր կա, թռիչքը մոտ մեկ ժամով հետաձգվում է: Մեկ ժամը դարձավ 2, 3, 4, այս ընթացքում ընկերությունը որևէ պարզաբանում չտվեց՝ թռիչքը, ի վերջո, տեղի ունենալո՞ւ է: Ում նյարդերը չդիմացավ, թողեց, գնաց, սպասողներին, միայն լրագրողների բարձրացրած աղմուկից հետո, «Սիլ» ջուր տվեցին:
Լուսաբացին, ի վերջո, հայտարարվեց, որ թռիչքը իբր կկայանա նախատեսվածից 24 ժամ անց: Տասնյակ մարդիկ կորցրեցին Ստամբուլից այլ ուղղություններով տոմսերը, հյուրանոցի վճարները. ընկերությունը միայն չեղարկած/հետաձգած տոմսի գումարն է վերադարձնելու մեկ ամվսա ընթացքում: Ներողության, ափսոսանքի ոչ մի խոսք, օդանավակայանում հուսահատ մնացած վերջին ուղևորներին մեր պահանջից հետո, առաջարկեցին տուն տանել կամ Էջմիածնում հյուրանոց:
Որպես «Քո ազգային ավիափոխադրողը» ներկայացող ընկերությունը գործարկման մեկնարկից, իսկ վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով նման պատմությունների մեջ է: Այսքան բողոքների, ահազանգերի հետքերով պետական որևէ մարմին վարույթ հարուցե՞լ է, թե՞ այս ընկերությունը արտոնյալ կարգավիճակ ունի»։