13/05/2023 11:59
FlyOne Armenia-ի՝ Երևան-Ստամբուլ չվերթը հետաձգվեց․ ուղևորները շուրջ 4 ժամ չգիտեին՝ ինչ է լինելու չվերթի ճակատագիրը. Aravot.am
Aravot.am-ը գրում է.
«Մայիսի 13-ին՝ ժամը 00։55-ին կայանալիք հայկական FlyOne Armenia բյուջետային ավիաընկերության Երևան-Ստամբուլ 3F 475 չվերթը հետաձգվեց։ Ժամը 00։43-ին հայտարարվեց, որ չվերթը մեկ ժամով հետաձգվում է, որովհետև ինքնաթիռի շարժիչի հետ կապված խնդիր է առաջացել։ Շուրջ մեկուկես ժամ ուղևորներին սպասեցնելուց հետո հայտարարվեց, որ չվերթը չեղարկվում է, սակայն ավելի ուշ ասացին, որ դա եղել է թյուրիմացություն։
Մի շարք ուղևորներ, այդ թվում այլ ազգերի ներկայացուցիչներ, սկսեցին դժգոհություններ ներկայացնել, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, քանի որ Ստամբուլից էլ այլ չվերթեր ունեին, Երևանում կեցության վայր չունեն։ Ընկերության աշխատակիցներն այդպես էլ հստակ որևէ բան չէին ասում ուղևորներին, թե ի վերջո այսօր չվերթը կկայանա՞, թե՝ ոչ։ Ասացին, որ ունեն ընտրության իրավունք՝ կարող են իրենց իրերը վերցնել և դուրս գալ օդանավակայանից։
FlyOne Armenia-ից հայտարարեցին, որ փորձում եմ թուրք գործընկերների հետ բանակցել, հասկանալ հնարավոր կլինի՞ Շարմ էլ Շեյխ թռչող՝ ավիաընկերության օդանավի համար թույլտվություն ստանալ Թուրքիա մուտք գործելու, որպեսզի դրանով ուղևորներին փոխադրեն Ստամբուլ։ Սակայն թուրքական կողմն ասել էր, որ դա երկարատև գործընթաց է։
Aravot.am-ի և մյուս լրատվամիջոցների հարցերին, որոնք ևս այդ չվերթով պետք է աշխատանքային այցով մեկնեին Ստամբուլ, ավիաընկերության ներկայացուցիչները գերադասեցին չպատասխանել։ Aravot.am-ի դիտարկմանը՝ ի վերջո չեղարկվո՞ւմ է չվերթը, թե հետաձգվում, ի՞նչ են առաջարկում այն ուղևորներին, որոնք արդեն 4 ժամ է սպասում են, տեսախցիկի առաջ բացարձակ ոչ մի պատասխան չտրվեց»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։