13/05/2023 13:08
Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել էր օդանավի տեխնիկական անսարքության պատճառով, անսարքությունը վերացված է, չվերթը տեղի կունենա ըստ նոր ժամանակացույցի․ FLY ONE ARMENIA
Սույն թվական մայիսի 13-ին նախատեսված Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով մինչև մայիսի 14-ը՝ ժամը 00։20-ը, հայտնում են FLY ONE ARMENIA-յից։
Նշվում է, որ այս պահի դրությամբ անսարքությունը վերացված է, չվերթը տեղի կունենա ըստ նոր հայտարարված ժամանակացույցի։
«Հետաձգման մասին, չվերթի կարգավիճակը հայտնի լինելուն զուգահեռ, հայտարարվել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթերի բոլոր ուղևորներին։
Ի պատասխան ստացվող հարցումների, հայտնում ենք նաև, որ ավիանընկերությունը չէր կարող օգտագործել այլ օդանավ չվերթն իրականացնելու համար, քանի որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունների թույլտվությունը միայն սահմանափակ քանակի օդանավերի համար է։
Ըստ ավիացիոն գործող կանոնների՝ ուղևորները չվերթի հետաձգումից 3 ժամ անց ապահովվել են ջրով։
Թե՛ Երևանում, թե՛ Ստամբուլում կեցության կարիք ունեցող բոլոր ուղևորներին ավիաընկերությունը տեղավորվել է հյուրանոցներում՝ մինչև չվերթի իրականացումը։ Ավիաընկերությունը ուսումնասիրում է չվերթի վերաբերյալ սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը, որից կանի համապատասխան եզրակացություններ։
Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
Հարգելի՛ ուղևորներ, հետաձգված չվերթի հետ կապված բոլոր հարցերով խնդրում ենք կապ հաստատել [email protected] էլ․ հասցեով, կամ +37412400003 հեռախոսահամարով», - նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դժգոհություններ էին տարածվել, թե Fly One Armenia-ն վերջին պահին տեղեկացրել է, որ տեխնիկական խնդիր կա, տասնյակ մարդիկ կորցրել են տոմսերը, և ներողության, ափսոսանքի ոչ մի խոսք չի եղել։